Միայն իմանաք՝ քանի տարեկան էր արմատներով ՇՈՒՇԵՑԻ այս գիտնականը, երբ աշխատում էր «Պ-5» առաջին ծովային թևավոր հրթիռի վրա․ ճանաչենք ԴԵՎԻԼ ՄԻՆԱՍԲԵԿՅԱՆԻՆ
Արմատներով արցախցի, ավելի կոնկրետ՝ շուշեցի գիտնականը հրթիռային շարժիչների ինժեներ և տեխնոլոգ է, աերոտիեզերական տեխնիկայի մասնագետ:

Մեր հայրենակցի մասին, բնականաբար, այնքան էլ շատ բան հայտնի չէ: Բնականաբար՝ քանի որ նա երկար տարիներ զբաղվել է հրթիռների ստեղծմամբ, մշակել ու կատարելագործել դրանց տեսակները, ստեղծել նորերը: Ինքներդ եք հասկանում, որ դա գործունեության այն ոլորտը չէ, որտեղ ներգրավված մասնագետների մասին օրումեջ գրեն թերթերում:
Բայց որոշ տեղեկություններ բաց աղբյուրներում կան: Օրինակ, հայտնի է, որ Դևիլ Մինասբեկովը (Մինասբեկյան) ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի հրթիռային տեխնիկայի ֆակուլտետը, ինչից անմիջապես հետո ընդգրկվել է ակադեմիկոս Վ.Չելոմեյի կոնստրուկտորական բյուրո, նախ՝ որպես շարքային ինժեներ, իսկ կարճ ժամանակ անց դարձել է լաբորատորիայի վարիչ:
Արդեն 1980-ին Մինասբեկովը գլխավոր կոնստրուկտորի տեղակալ էր, հետո՝ «Մեքենաշինություն» ԳԱՄ կենտրոնական բյուրոյի պետի տեղակալ:
Ինչ վերաբերում է հրթիռներին, ապա դեռ 22 տարեկանում Դևիլ Մինասբեկովն աշխատում էր «Պ-5» առաջին ծովային թևավոր հրթիռի վրա: Հետագայում նույն բյուրոյում նա ստեղծում է «Պ-6», «Պ-7», «Պ-35», հականավային հրթիռներ, «Ռեդուկտ» ցամաքային պաշտպանության հականավային համալիրները, «Պ-500» հրթիռները:
Իսկ 1970-80-ական թվականներին ստեղծում է թևավոր հրթիռների նոր սերունդ, ղեկավարում բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքները:
Հականավային հրթիռների գործում մատուցած մեծ ծառայությունների համար, 1988 թվականին, նրան շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ:
Մինասբեկովը մի քանի հարյուր գիտական աշխատությունների հեղինակ է, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Ի դեպ, արժե նշել, որ 1988-ին ստացած պետական մրցանակի ամբողջ գումարը հայ հրթիռաստեղծ-գիտնականը նվիրաբերել է Հայաստանի երեխաների օգնության հիմնադրամին: