«Մայրիկ» ռեստորանների ցանցի հայուհի սեփկանատերը. նա առաջարկում է հայկական ավանդական խոհանոցի մոտ 70 ճաշատեսակներ

Ձեզ ենք ներկայացնում մի հայուհու պատմություն: 2002-ին Ալին Կամակյանն ու նրա զարմիկ Սերժ Մաքարոնը որոշեցին սեփական ռեստորանը բացել: «Բեյրութի քրիստոնեական թաղամասում գնեցինք լքված տարածք եւ սկսեցինք բարեկարգել այն,- պատմում է Ալինը,- Ես համոզված եմ, որ խոհանոցն ազգային ինքնության մաս է, իսկ խոհարարությունը՝ ազգային մշակույթի: Մեզ թվաց, որ կարող ենք նպաստել այդ մշակույթի պահպանմանն ու տարածմանը»:

Շուտով ակնհայտ հաջողությունն ստիպեց գործընկերներին մտորել ընդլայնվելու մասին: 2010-ին նրանց նոր ռեստորանը բացվեց Սաուդյան Արաբիայի արեւմտյան մասում գտնվող Ջիդդա քաղաքում, իսկ 2013-ի հոկտեմբերին իր դռները բացեց Դուբայի «Մայրիկ» ռեստորանը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ հայտնի երկնաքեր Բուրջ Խալիֆային շատ մոտ:

Բացի այդ, Ալինն ու Սերժը Բեյրութում հիմնեցին եւս մեկ ցանց՝ «Պաչիկ» անվանմամբ: Արդեն պայմանագիր է կնքվել Քուվեյթում ռեստորանի բացման շուրջ, իսկ ծրագրերում են Ռիադը, Լոնդոնը, Լոս Անջելեսը եւ Կահիրեն: «Մայրիկ» ռեստորանում առաջարկվում են ավանդական խոհանոցի մոտ 70 ճաշատեսակներ, որոնցից շատերն անհայտ են անգամ հայերին. Ալինը գտել է գրեթե մոռացված բաղադրատոմսեր, ինչը երկար ժամանակ ու մեծ ջանքեր է պահանջել: Կատարած հետազոտությունների արդյունքում նաեւ տպագրվել է «Հայկական խոհանոց» պատկերազարդ ժողովածուն: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: