«Խավիարի մեջ ծնվեցի, և քիչ էր մնում՝ խավիարի մեջ էլ մեռնեի»․ ի՞նչպես «Խավիարային ամուսնությունը» ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԻՆ կարևոր խաղաքարտեր բերեց և ի՞նչ նպատակով էին խավիարով ամանի մեջ բարակ շղթային ամրացված արծաթյա գնդիկ սուզում

Արմեն Պետրոսյանին ճանաչում են բոլորը, ով քիչ թե շատ ներգրավված է սև խավիարի արտադրության ու իրացման մեջ: Խավիարը համարվում է հարստության և շքեղության խորհրդանիշներից մեկը, որի համաշխարհային վաճառքի մոտ 25%–ը վերահսկում է Պետրոսյանի ընկերությունը։ Այս ընկերությունը ռուսական թառափի խավիարն ԱՄՆ ներմուծելու բացառիկ իրավունք ունի: Ընդ որում, թառափն անսովոր տգեղ ձուկ է, որը լեշով է սնվում:

Պետրոսյանը վերահսկում է ոչ միայն խավիարի դրամական հոսքերը, այլև որակը: Ռուսական խավիարն օգտագործման համար պիտանի է դառնում Փարիզից ոչ հեռու գտնվող Petrossian գործարանում, որտեղ նաև փաթեթավորվում է և ուղարկվում վաճառքի: Բիզնեսը շուտով կդառնա 100 տարեկան: Արմեն Պետրոսյանը նաև հյուրանոցների ու ռեստորանների մի լայն ցանցի հիմնադիր է, որտեղ, բնականաբար, գլխավոր կերակրատեսակը սև խավիարն է:

Տարօրինակ է, բայց խոհարարական բիզնեսի գաղափարին և նրա հաջողությանը Պետրոսյանների ընտանիքը պարտական է 1917 թ. հեղափոխությանը: Միքայել և Մելքում Պետրոսյան եղբայրները Փարիզում էին հայտնվել այս պատմական իրադարձությունից երկու տարի առաջ: Ֆրանսիա էին եկել պրակտիկայի համար, իրավաբանություն էին ուսումնասիրում Սանկտ Պետերբուրգում: Հեղափոխությունը Պետրոսյանների համար փակեց Ռուսաստանի դռները, բայց նրանք շատ գործունյա գտնվեցին և որոշեցին փարիզյան բոմոնդին առաջարկել այդքան սիրված ռուսական սև խավիարը` դարձնելով այն, ինչպես հիմա կասեին, բրենդային և բացառիկ ապրանք:

Խորհրդային դեսպանատան հետ բանակցությունները հաջող ընթացան, և սկսեցին խավիար մատակարարել Ֆրանսիա, ընդ որում` այդ ժամանակ Պետրոսյանները գրեթե լիակատար մենաշնորհ ունեին այս ոլորտում: 1920-ին բացված Petrossian ընկերությունը թառափի խավիարը շատ արագ վերածեց փարիզյան հատուկ շքեղության, և caviar բառը դարձավ բարեկեցության և բարձր ճաշակի արտացոլում:

Միքայել Պետրոսյանը շուտով ամուսնացավ խավիարի և նավթի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատիրոջ դստեր` Իրինա Մայիլովայի հետ: «Խավիարային ամուսնությունը» Պետրոսյաններին շատ կարևոր խաղաքարտեր բերեց: Նրանք աստիճանաբար ընդլայնեցին վաճառքի ծավալները և առաջ անցան մրցակից իրանցիներից: Ձեռնարկության իրական ծաղկումը տեղի ունեցավ հետպատերազմյան ժամանակաշրջանում. ֆրանսիացիներն այն ժամանակ դեռ չէին հետաքրքրվում թառափի խավիարով, բայց Պետրոսյանները կարողացան այն վերածել վերնախավի ամենաբարձր դասի ապրանքի ու սկսեցին եռակի թանկ վաճառել:

Արմեն Միքայելի Պետրոսյանը ծնվեց 1949 թվականին, երբ ընտանեկան բիզնեսն արդեն ամուր ոտքեր ուներ: Ժառանգորդը` ժառանգորդ, բայց առաջին հերթին պետք էր ավարտել Սորբոնը, և միայն 1971 թվականին Արմենը մտավ գործի մեջ` որպես սևագործ բանվոր: Հեղինակավոր համալսարանի դիպլոմն առանձնապես ոչինչ չէր նշանակում այնպիսի լուրջ մարդկանց համար, ինչպիսիք էին Պետրոսյանները, և Արմենը հետևողականորեն անցավ բոլոր փուլերը. սևագործ բանվոր աշխատելուց հետո աշխատեց որպես հավաքարար, պատվերների առաքիչ և վաճառող: Ավելի ուշ նա չզղջաց այս ճանապարհի համար, ընդհակառակը` ասաց, որ «նորմալ է, ճիշտ է, մենք պետք է ամեն ինչ սովորենք, ներսից ճանաչենք ընկերությունը»:

1970-ականների կեսերին Արմենը շարունակեց բիզնեսի նրբությունները յուրացնել ղեկավար պաշտոններում `անձնակազմի կառավարիչ, ֆինանսական և կոմերցիոն տնօրեն, իսկ 1985-ին դարձավ գլխավոր տնօրեն և նախագահ: Պատկառելի, կիրթ, ֆրանսերենի, անգլերենի, ռուսերենի և հայերենի փայլուն գիտակը չէր կարող իր ընկերությանը ճանաչում ու փառք չբերել:

«Ես ծնվել եմ խավիարի մեջ, և քիչ էր մնում` այդ խավիարի մեջ մեռնեի», — պատմում է Արմեն Պետրոսյանը: Շատ փոքր տարիքում նա մի անգամ ընկել է խավիարի տակառի մեջ, և քիչ է մնացել` խեղդվի: Հավանաբար վերևից ուղարկված նշան էր, և դրա համար էլ այսօր Փարիզի Հաշմանդամների շրջանի Լաթուղ-Մոբուղ ծառուղում գտնվող Petrossian խանութը Ֆրանսիայի ազգային մշակութային սեփականություն է համարվում: Պետրոսյանների տարբերանշանն առագաստանավ է, որն արևի ճառագայթների ներքո կտրում-անցնում է ալիքների միջով և հայտնի է ամբողջ մոլորակին:

Գորբաչովյան «պերեստրոյկան» ոչ մի լավ բան չբերեց խավիարային բիզնեսին: ԽՍՀՄ-ից առաքվող ապրանքների ծավալները կտրուկ նվազեցին, մատակարարումներն էլ սկսեցին անկանխատեսելի ընդհատումներով իրականացվել: Պետրոսյանը գնահատեց նոր ժամանակները և առանց հապաղելու սկսեց իր «պերեստրոյկան»: Նախևառաջ, նա ընդարձակեց տեսականին: Ի հայտ եկան թեյը, սուրճը, շոկոլադը, պահածոյացված բանջարեղենը, ջեմը և նոր խավիարը` արդեն սմբուկի: Նա որոշեց ապավինել միայն սեփական ուժերին և ստեղծեց մի կոմբինատ, որտեղ տարեկան մինչև 500 տոննա սաղմոն և թառափ էր արտադրվում: Իսկ մինչ այդ` 1984-ին, նա Նյու Յորքում բացեց Petrossian ռեստորանը Մանհեթենի Alwyn Court պատմական շենքում, հետո բիստրո` փարիզյան ընտանեկան խանութի երկրորդ հարկում, որը շատ արագ հայտնի դարձավ։ Այդպես ստեղծվեց իդեալական կառուցվածք ունեցող մի հոլդինգ, որն արտադրության ավելի քան կեսը ստանում էր արտադրող գործարաններից, առաջին հերթին` ֆրանսիականներից: Այդպես ավելի հուսալի էր, արագ, հումքն էլ անհամեմատ թարմ էր:

Արմեն Պետրոսյանը հորինեց խավիարի հսկա 10 կիլոգրամանոց բանկաներ. «Ես ստեղծեցի երեք բանկա։ 10կգ քաշովը կոչվում է «Իվան Գրոզնի», 5 կիլոգրամանոցը` «Եկատերինա Վելիկայա», իսկ 2,5 կիլոգրամանոցը` «Ալեքսանդր կայսր»` ի պատիվ ռուս կայսրերի, որոնք արտացոլում են դարաշրջանի յուրահատկությունը»: Petrossian-ի 10կգ խավիարի բանկան արժե մոտ 100 հազար եվրո: Այսօրվա խավիարային կայսրության տեսականին ծխահարված ձկներն ու ծովախեցգետիններն են, գերմաքուր օղին ու խեցգետինները, շոկոլադն ու ֆուա-գրան և, իհարկե, թառափային խավիարը՝ բելուգա և սևրյուգա տեսակներով:Պետրոսյանների ամենահեղինակավոր խավիարը կոչվում է Golden Caviar, որը հազվագյուտ կենդանու` ալբինոս-բելուգայի ձկնկիթն է: Մեկ կիլոգրամի արժեքը` 25 հազար դոլար:

Ընկերությունում խավիարի որակի հսկողությունն անչափ խիստ է, և անգամ աննշան շեղում չի կարող լինել: Խավիարով ամանի մեջ բարակ շղթային ամրացված մի փոքրիկ արծաթյա գնդիկ են սուզում: Եթե գնդիկն անմիջապես սուզվում է, ապա ապրանքը լավն է: Եթե մակերևույթին է մնում, ուրեմն խնդիրներ կան: Ձկնկիթը միայն ոսկե գդալով են ուտում. ազնվական մետաղը լիովին պահպանում է ոչ պակաս ազնվական ուտեստի համը: Այսպես է կարծում Արմեն Պետրոսյանը` մի մարդ, որն ամեն ինչ գիտի ձկնկիթի մասին։

«Խավիարը չի կարելի ուտել մետաղյա գդալով. համը փչանում է: Եվ չի կարելի թթվասեր ավելացնել. խավիարն ինքնին աստվածային կերակուր է՝ ամբրոզիա: Առավելագույն «ներխուժումը», որ կարելի է հանդուրժել, մի բաժակ օղին է կամ մի գավաթ շամպայնը », — ըստ Պետրոսյանի` ահա այսպես է պետք իսկական հաճույք ստանալ խավիարից:

Իհարկե, այդպիսի ամբրոզիան էժան հաճույք չէ` 1600-ից մինչև 12000 եվրո մեկ կիլոգրամի համար։ Որպես շամպայնի կամ օղու նախուտեստ՝ Պետրոսյանը խորհուրդ է տալիս սեփական՝ caviar cube արտադրանքը: Խորանարդիկների տեսքով խավիարը մատուցվում է շամփուրներով: Խորանարդիկները պատրաստում են խավիարի մշակման ժամանակ ձևափոխվող խավիարի տարբեր տեսակներից: Ափսոս, որ Petrossian արտադրանքը անհասանելի է սովորական մահկանացուներից շատերի համար:

Անհանգիստ ու պրպտուն Արմեն Պետրոսյանը նորանոր հնարքներ է մոգոնում շուկան գրավելու համար: Մեկ մասուրի հյութ է վաճառում, մեկ այն նույն սմբուկի խավիարը: Բայց ուժերի մեծ մասը ներդնում է որսագողության դեմ պայքարում և թառափի տեսակների պահպանման գործում, մասնակցում է գիտական տարբեր խորհրդակցությունների ու հովանավորում է տարբեր հետազոտություններ:

Արմեն Պետրոսյանը չի մոռանում նաև իր արմատների մասին: Նա Ֆրանսիայում հայկական սփյուռքի գործունեության ակտիվ մասնակիցներից մեկն է, ինչպես նաև ջերմ հարաբերություններ է պահպանում հայրենիքի հետ: Նա Լուվրում կայացած «Armenia Sacra» ցուցահանդեսի գլխավոր հովանավորներից մեկն էր, որը տեղի ունեցավ 2006 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակում: Իսկ դրանից մեկ տարի անց «Petrossian Groupe» ընկերության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Արմեն Պետրոսյանին Պատվո լեգեոնի շքանշանի հանձնման արարողությունը։

«Դուք չեք փոխել ձեր հայկական ազգանունը, երբեք չեք թաքցրել ձեր արմատները: Ձեր ընտանիքը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող են հայերը ինտեգրվել մեր հանրապետության կյանքում», — շքանշանը հանձնելիս ասաց Փարիզյան իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Ժան-Բեռնար Թոման:

Նա երկու որդի ունի`Ալեքսանդրն ու Միքայելը։ «Յուրաքանչյուր հայր ուզում է, որ որդիներն իր հետ աշխատեն: Բայց երեխաներն ունեն իրենց ցանկությունները: Ես կանեմ ամեն ինչ, որ նրանց դուր գա իմ ընկերությունում աշխատելը, բայց վերջնական որոշումը նրանք պետք է կայացնեն», — ասում է Արմեն Պետրոսյանը, որը սեփական երջանիկ աշխարհն է կառուցել:

Հեղինակ՝ Ռուբեն Գյուլմիսարյան։