«Եղիշե Չարենցին ծանոթացել եմ տասներեք տարեկան հասակիս». գիտե՞ք՝ ով է եղել ՉԱՐԵՆՑԻ ԱՌԱՋԻՆ սերը և ինչ էր նվիրել մեծն գրողը չարաճճի գեղեցկուհուն

Հայ գրականության ամենահզոր և զուգահեռ՝ նաև ամենախարիզմատիկ գրողներից մեկի` Եղիշե Չարենցի կենսագրության մասին կարելի է խոսել անվերջ։  Չարենցն ունեցավ ընդամենը 40 տարվա կյանք, սակայն իրենից հետո թողեց ահռելի գրական ժառանգություն, որը մինչ օրս շարունակում է ուսումնասիրվել։ Չարենցի գրական ժառանգությունից զատ, մինչ օրս բաց են նաև իր կենսագրական ինչ-ինչ տեղեկություններ։ Մասնավորապես մինչ օրս մարդկանց անհայտ են մնում Չարենցի մահվան մանրամասներն ու նրա գերեզմանի գտնվելու վայրը։

Այս ամենի կողքին հետաքրքիր  են նաև Չարենցի և իր կյանքում եղած կանանց մասին պատմությունները։ Բավական է կարդալ մեծ բանաստեղծի գործերն ու հասկանալի է դառնում, թե որքան սերեր է ունեցել մեծ կարսեցին։

Չարենցի առաջին սերը եղել է Աստղիկ Ղոնդախչյանը, ում էլ բանաստեղծը նվիրել է իր առաջին բանաստեղծական գիրքը` «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ 1913 թվականին Կարսում լույս տեսած այս գրքում Չարենցը ներկայացնում է իր սերն ուղղված Աստղիկին։ Աստղիկ Ղոնդախչյանի մասին կենսագրական տեղեկությունները թերթելով՝ տեսնում ենք, որ Կարսեցի կապուտաչյա գեղեցկուհին 1915 թվականին կամավորական աշխատանք անելու և հայ որբերին օգնելու նպատակով մեկնել է Ղարաքիլիսա, որտեղ ծանոթանում և ամուսնանում է տեղի շրջանի կառավարչի` Ալեքսանդր Բաբլանյանի հետ։

Հետագայում նա ամուսնու հետ մեկնում է Բուլղարիա, ապա` Եգիպտոս։ Նա երաժշտագետ էր, Եվրոպայում մասնակցում է երաժշտությանը վերաբերող դասընթացների, տպագրում գրքեր։ 1960 ականներին հաստատվում է ԱՄՆ-ում, իսկ 1970-ականներին երկու անգամ լինում է Երևանում։ 1988 թվականին Մ. Քեոսեյանը զրուցում է արդեն իսկ 90-ամյա Աստղիկ Ղոնդախչյանի հետ, ով պատմում է իր և Չարենցի առաջին հանդիպման ու հարաբերությունների մասին.

«Եղիշե Չարենցին ծանոթացել եմ տասներեք տարեկան հասակիս, Կարս, Հովսեփ հորեղբորս տանը։ Հորեղբորս տղաների ընկերն էր։ Արտավազդի հետ սովորում էր ռեալական դպրոցում։ Դրանից հետո սկսեց հետևել ինձ։ Ամեն տեղ դեմս էր ելնում։ Խորքում ամաչկոտ էր։ Ես էլ սիրուն աղջիկ էի, երևի վառվռուն, շեն, չարաճճի։ Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն։ Հորեղբորս տղան հայտնում էր ներկայությանս մասին, և Եղիշը անմիջապես գալիս էր։ Երբեմն կարդում էր նոր գրած բանաստեղծություններ, ես հմայվում էի։

Ինձ հանդիպում էր նաև փողոցում, փողոցի անկյունում։ Հետը լինում էր կլորիկ, ակնոցավոր մի տղա, նկարում էր, մեր ընկերն էր։

Եղիշը մեր տանը չէ եղած, հայրս շատ խիստ էր։

Փոքրուց լավ ձայն ունեի, կ՛երգեի։

«Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը Արտավազդը տվեց ինձ։ Չարենցը ինձ խայտառակել էր։ Հայրս ասում էր.- Աստղի՛կ, հասկացանք, էլ ինչ պետք կար Ղոնդախչյանի։

Ես տխրադալուկ չէի, ես շատ զվարթ էի։

Կարսի դպրոցներում մեկ եվրոպական լեզու պետք է սովորեինք` կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն։

Չարենցին հանդիպել եմ միայն Կարսում։ Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ ձեռքին մի վարդ։ Վարդը նվիրեց ինձ։

  • Ես այդ վարդը կը չորացնեմ…
  • Վա՛հ, ինչո՞ւ վարդն չորացնես,- խոսքս կտրեց նա։
  • Որ պահեմ,- շարունակեցի ես։

Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»։

(Հատվածը վերցված է Ալմաստ Զաքարյանի «Եղիշե Չարենց. Կյանքը, գործը, ժամանակը»։ Երևան, 1997 թվական, էջ 80-81)։

Հիմա շատ բարդ է իմանալ, կա՞ն արդյոք այդ վարդի չորացրած թերթիկները, թե՞ ոչ։ Այդ թերթիկները Չարենցի սիրո լուռ վկաներն էին, երբեմնի հզոր ու հայաշատ Կարսի վարդերը։ Սակայն դրանից զատ Չարենցը Աստղիկին ձոնած իր գրքով արդեն իսկ հավիտենական դրոշմ է սահմանել և դրանով իսկ պատմության մեջ թողել իրենց երկուսի անունները։ Հետագայում Չարենցը ունենում է բազմաթիվ սերեր, սակայն սա բացառիկ է նրանով, որ հենց այս յուրահատուկ հարաբերությունը դարձավ բանաստեղծի գրական առաջին այցեքարտերից մեկը։ Չէ՞ որ Չարենցն իր առաջին գիրքը նվիրեց Աստղիկ Ղոնդախչյանին։ Եվ մինչ օրս ամեն ընթերցող բացելով Չարենցի գիրքը՝ կարդում է` Աստղիկ Ղոնդախչյանին։

Զ. Շուշեցի