«Հանգե՜ք, իմ որբեր, իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ: Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա». միայն իմանաք՝ ինչն էր ստիպել ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ գրել այս տողերը

20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կա հուսահատության ճիչ, ոճիրի դեմ պատիժ տեսնելու ցանկություն, անմեղ զոհերի արյան դիմաց վճարվելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատյաններում ներկայացնել ապացույցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կա միայն լռություն։

Զարմանալի չէ, քանի որ աշխարհին միգուցե այն ժամանակ ձեռնտու էր հայերի կոտորածը։ Այլ բան չես կարող մտածել նաև այն դեպքում, երբ հիշում ես հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի ու Հռոմի այդ ժամանակվա պապի՝ Բենեդիկտոս 12-րդի հանդիպումը։ 1916 թվականին Կոստան Զարյանը, ով Եվրոպայում արդեն իսկ ուներ մասնակի հեղինակություն, հանդիպում է Պապի հետ և հորդորում է, որպեսզի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն անտարբեր չմնա հայերի դեմ իրականացվող ոճրի նկատմամբ։

Այդ ժամանակ Պապը Զարյանին պատասխանում է․ «Աստված ձեզ օգնական»։ Պապին այլ բան չէր մնում, քան Աստծո խոսքով փակել Զարյանի ու հայ ժողովրդի բերանը։ Եվ այդ ժամանակ եթե Կաթոլիկ եկեղոցու առաջնորդը չէր կարող ոչինչ անել, միգուցե նաև չէր ցանկանում, ապա հիմա աշխարհից ինչ-որ բան պահանջելն արդեն անիմաստ է, քանի որ ժամանակակից աշխարհի գերտերություններից մեկը՝ Թուրքիան, հանդիսանում է իբր հատուցում պահանջող տերությունների դաշնակիցը, հետևաբար՝ եթե կա շահ, ապա կան փակ աչքեր և լռություն․․․․

1915 թվականի իրադարձությունները խորը հետք թողեցին հայ մշակույթի գործիչների վրա։ Նրանցից ոմանց մոտ եղավ ստեղծագործական լռություն, իսկ ոմանք գրելու հետ մեկտեղ՝ իրենց կյանքն էին դուրս հանում թանաքի տեսքով։ Հովհաննես Թումանյանն այն եզակիներից էր, ով անտեսելով սեփական երեխաների կյանքն ու իր առողջությունը, շտապեց Էջմիածին, որտեղ որբերն էին, ցավից ու հուզմունքից մեռնող որբերը, սովից ու ծարավից ուժասպառ ցած ընկնող մանուկները։

Սայլերը չէին հերիքում, որպեսզի դիակները դուրս տարվեն և հուղարկավորվեն։ Այդ քաոսային պահին Էջմիածնում էր Թումանյանը, ով իր մարդասիրությամբ ու ժողովրդի նվիրումով կարողացավ հավետ մնալ որբերի հիշողության մեջ։ Նա կարողացավ որբանոցները կարգի բերել, և անգամ այդ պայմաններում զբաղվում էր երեխաների կրթության հարցով։ Որբերի ու Թումանյանի միջև կապն անբացատրելի էր, գերբնական ու ողբերգական։ Երևի թե կարելի է երկար խոսել այդ մասին, սակայն լռության դեպքում ու Թումանյանի հայտնի՝ «Հոգեհանգիստ» բանաստեղծության վերջին տողերը մեջբերելու դեպքում ընթերցողի համար ավելի հասկանալի կլինի, թե ի՞նչ էր դա։

«- Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…»։

Ցեղասպանության մասին լուրերն անտարբեր չանցան նաև Վահան Տերյանի կողքով։ Եվ 1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանը գալիս է Երևան, այցելում այդ ժամանակվա Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցն ու որբանոցի սաներին խնդրում, որպեսզի գրեն շարադրություն և նկարագրեն այն ամենը, ինչ տեսել են գաղթի ճանապարհին։

Տասնամյակներ շարունակ Տերյանի կատարած կարևոր գործը մնում էր արխիվների մութ ու սառը դարակներում։ Սակայն ազգանվեր ու կարևոր գործը չէր կարող երկար անհայտ մնալ։ Եվ երեխաները սկսեցին գրել այն ամենը, ինչ տեսել էին ճանապարհին։ Իսկ ի՞նչ էր կատարվում գաղթի ճանապարհին։ Այս մասին կարևորագույն տեղեկություններ կան թուրք գիտնական Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքում, որտեղ զետեղված հեռագիրներից ու հուշերից տեղեկանում ենք․

«Օրը 700-800 հայ էր մահանում աղետից, չքավորությունից ու հիվանդություններից։ Նրանց թաղում էին ցեխում, մարմինների մնացորդները ցրիվ էին տալիս գիշատիչ թռչունները։ Ուղղակի մարդու խիղճ էր տանջում։ Այս տեսարաններին տեղյակ ավստրիացի ու գերմանացի սպաները զեկույցներ էին գրում իրենց երկրներ։ Թալեաթ փաշան իմանալով այդ մասին, ցանկանում էր կոծկել հանցանքները ու թաղել դիերը։ Բայց եթե նույնիսկ երկրի ու երկնքի տեղն էլ փոխես, միևնույն է, այս սարսափները մոռանալ չի լինի»։

Եվ երեխաները գրում էին հենց այդ նույն դժոխքի մասին, ինչ տեսել էին ճանապարհին։ Այդ շարադրությունները զետեղված են Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքում։ Այդ գրքում տեսնում ենք երեխաների սարսափելի պատմությունները գաղթի ճանապարհից։ Որբանոցի սան Աղասի Գոնդակչյանը գրել է․

«Այսպէս դժուարությամբ չարչարուելով կեղտոտ ջրերը խմելով անօթի մնալով տեւեց 15 օր և մինչև որ հասանք Իկտիր. Իկտիրը 14 օր մնալով եկանք Էջմիածին. Այնտեղ ալ 17 օր մնալէն եկանք Երեւան: Երեւանի մէջն ալ Ս. Սարգիս հայաթի մէջ 10 օրմնալէն յետոյ ալ տան մէջ կապրէինք և ահա եկայ անտեղ իմ պզտիկ եղբայրս մեռաւ և մենք գացինք տանը մէջ այնտեղէն եկայնք այս որբանոց»:

Եվ նմանատիպ բովանդակությամբ 37 շարադրությունները փաստում էին այն, ինչ քաղաքակիրթ աշխարհն ուղղակի համարում է ոճիր։ 10-13 տարեկան երեխաները գրում էին սովի, մահվան ու կոտորածի մասին։ Նրանց աչքերի առաջ իրենց մեռնող ծնողներն էին ու քույր-եղբայրները։

Արդյունքում Տերյանի՝ ժամանակին իրավիճակը ճիշտ գնահատելու շնորհիվ մենք ունեցանք այս կարևոր փաստաթղթերը։ Ցեղասպանության լուրից հետո հայ մտավորականները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի օգնեն իրենց հայրենիքին։ Ոմանք մահացան գաղթի ճանապարհին, ոմանք՝ որբանոցային տեսարաններից խելագարության հասան։ Արդյունքում՝ այդ մարդիկ դառն ու սառը ժամանակներում կարողացան փրկել մի ամբողջ ժողովրդի։ Կարողացան կյանք տալ շատերին, ովքեր հետագայում դարձան մեր պետության կարևորագույն ոլորտներում կանգնած մարդիկ։ Իսկ նրանք, ովքեր փակեցին իրենց աչքերը, Թումանյանը գրեց իր հավիտենական տողերը․

«-Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա… »։

Զ․ Շուշեցի