Բազմաթիվ մրցանակների արժանացած ՀԱՅՈՒՀԻՆ. նա ճանաչվել է «Տարվա լավագույն գրող ու սցենարիստ»

ՀԱՅ արձակագիր, դրամատուրգ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ ծնվել է 1957թ. հունիսի 24-ին, Ախալքալակում: 1975-80թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1980-85թթ Ախալքալակի դպրոցում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1988-89թթ եղել է «Կերպասագործ» թերթի թղթակից, 1989-2001թթ` «Գարուն» ամսագրի արձակի և պոեզիայի բաժնի խմբագիր, 2001-04թթ` «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը: 1991թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:

2000թ. հիմնել է «Դրամատուրգիա» գրական հանդեսը, որի գլխավոր խմբագիրն է: Գրել է բազմաթիվ պիեսներ, որոնք բեմադրվել են թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոնում: Երկերից են` «Դարպասներ», «Երկուսով, բայց միայնակ», «Ետ չնայես», «Կինը անձրևից հետո», «Վերջին գնչուն», «Վերադառնում եմ, մոռացեք», «Երկրորդ կտակը», «Ինչպես ամուսնացնել ամուրուն», «Երկրորդ կտակը», «Չկրակեք, ես արդեն սպանված եմ», «Մենակ չես, մայրիկ», «Տրակտատ թաշկինակի մասին», «Սիրային քառանկյունի» և այլն:

Նրա պիեսները բեմադրվել են Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոններում։ 1997թ. արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 1999թ.՝ «Ոսկե եղեգն», 2002թ.՝ «Արտիստ» և ՀԳՄ ամենամյա «Տարվա լավագույն պիեսի համար» մրցակաների, 2003թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալի, 2004թ.՝ «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի գլխավոր մրցանակի՝ «Երկրորդ կտակը» ներկայացման համար, 2005թ.՝ «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակի` «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացման համար:

2011թ. արժանացել է Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակին՝ «Իմ դասականները» պիեսների ժողովածուի համար, 2013թ.՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Լավագույն սցենարի» մրցանակին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի համար: 2014թ. և 2015թ. դարձել է «Տարվա լավագույն գրող»: 2015թ. արժանացել է «Պատմություններ առանց սահմանի» միջազգային դրամատուրգիական մրցանակաբաշխության 1-ին մրցանակին: Նույն թվականին արժանացել է նաև Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակին՝ «Պիեսներ» ժողովածուի համար: