Միայն իմանաք՝ ինչպես էր 23-ամյա ՉԱՐԵՆՑԸ ժպիտ պարգևում որբ երեխաների դեմքին. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք քչերին են հայտնի

Հայ հանճարեղ գրող Եղիշե Չարենցի կենսագրության մեջ մի հետաքրքիր էջ կա, որ կապվում է որբանոցային աշխատանքի հետ։

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ամիսը Եղիշե Չարենցն աշխատում է որբանոցում։ Չարենցն ուներ դաստիարակի պաշտոն, երեխաներին դասավանդում էր հայոց լեզու և թվաբանություն։ Չարենցը դաստիարակությունից զատ՝ փորձում էր ամեն կերպ ուրախացնել որբերին։

Մասնավորապես՝ Գուրգեն Մահարին և Արշալույս Ջանիկյանն իրենց հուշերում ներկայացնում են, որ 23-ամյա բանաստեղծը երեխաների հետ շուրջպար էր բռնում, երգում, պարում և այդկերպ փորձում էր ժպիտ բերել երեխաների դեմքին, ովքեր անցնելով մեծ ողբերգության միջով՝ մնացել էին ողջ։

Այս ամենի հետ մեկտեղ՝ Չարենցը երեխաների նկատմամբ ուներ շատ մեծ հոգատարություն.

«Ջանիկյանն արձանագրում է երեխաների հանդեպ հոգատարության մեկին գրքով («…ա՛ռ այս գիրքը, կարդա՛, քեզ համար է գրված»), մյուսին խորհրդով («…ինչո՞ւ միշտ գետին ես նայում, նայիր վերև երկնքին, ծառերին, կտուրին»),- մխիթարանքի մեկը մեկից սրտառուչ դրվագներ, որոնք վկայում են բանաստեղծի ոչ միայն խոր, այլև գորովալի մարդասիրությունը, որպիսիք գալիս են հասուն տարիների նրա երեխապաշտությունը կամրջելու ժողովրդապաշտությանը»։ (Հատվածը վերցված է Ալմաստ Զաքարյանի «Եղիշե Չարենց. Կյանքը, գործը, ժամանակը» գրքից։ Երևան, հատոր 1, 1997 թվական, էջ 669):

Ալմաստ Զաքարյանն իր վերոնշյալ գրքում ընդգծում է, որ Չարենցն ընդունելի և սիրելի էր որբանոցում ոչ միայն փոքրերի, այլև երիտասարդների կողմից։ Շատ ժամանակ բանաստեղծն իր գործերն առաջինը կարդում էր հենց որբերի համար և նրանց կողմից ստանում բարձր գնահատական։ Բանաստեղծի ու մեծահասակ որբերի լավ հարաբերությունների մասին հետաքրքիր հուշեր է ներկայացնում թեմական դպրոցի սան Հենրի Գաբրիելյանը, ով մանկատանն աշխատել է՝ որպես աշխարհագրության ուսուցիչ.

«….Ստեղծված մտերմության արդյունքում Չարենցը մի օր էլ առաջարկում է գնալ «Ֆրանսիա» ռեստորան ճաշելու։ Այն էլ առանց կառավարիչի թույլտվության. «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։ (նույն տեղում` էջ 672):

Որբերի հետ քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում անցկացված քեֆն անցնում է լավ և հիշարժան։ Չարենցն ու որբերը միասին երգում են, քեֆ անում, որից հետո բանաստեղծին կառքով տանում են իր սենյակ ու պառկեցնում.

«Կառքով Չարենցին տուն բերինք, տարանք իր սենյակը և պառկեցրինք անկողնում։ Առավոտյան ժամը 6-ին մայրապետը մեր դուռը ծեծեց և հայտնեց, որ Չարենցը մեզ կանչում է… Պարզվեց, զովանալու համար սենյակի դուռը ու պատուհանները բացել էր և սաստիկ մրսել։ Ջերմաստիճանը39,8»։ (Նույն տեղում էջ 673):

Չարենցի համար որբանոցային շրջանը, երեխաների հետ աշխատելուց զատ, նրան նվիրեց նաև կյանքի ընկերներ։ Հենց որբանոցում է Չարենցը ծանոթանում Գուրգեն Մահարու հետ։ Գուրգեն Մահարին ամերիկյան մանկատան որբ էր։ Մահարին իր հուշերում շատ է անդրադարձել իր և Չարենցի հանդիպումներին, զրույցներին։ Հատկանշական է, որ որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերըԱրփենիկ Չարենցը։ Նա աշխատում էր որբանոցին կից երեխաների դպրոցում որպես դաստիարակչուհի։

Բանաստեղծի կենսագրության այս դրվագը չարենցասերների ուշադրությունից երբեմն վրիպում է։ Սա Չարենցի համար մի մեծ փորձառություն էր, և բանաստեղծը 23 տարեկանում ստանձնում է մի բարդ և պատասխանատու գործ։ Նա որբերին դաստիարակելուց զատ՝ նրանց ծանոթացնում էր նաև հայ և համաշխարհային գրականության կարևորագույն գործերի հետ։ Այդկերպ երեխաների մոտ փորձում էր ձևավորել գրական ճաշակ։ Այդ ժամանակաշրջանում հայ մտավորականն ու անգամ երիտասարդ բանաստեղծը ծառայում էին ազգին և Հայրենիքին։ Նրանց համար հայրենիքն ամենաբարձր արժեքն էր, որի առաջ կարող էին զոհել անգամ անձնական և ստեղծագործական կյանքը։

Զ. Շուշեցի