Ֆենոմենալ հիշողություն ունեցող ՀԱՅԸ, ով ղեկավարել է ոչ միայն Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, այլ նաև աշխարհի 110 նվագախմբեր

Նշանավոր հայ դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում։ Նա խմբավարություն է ուսանել և ունեցել է ֆենոմենալ հիշողություն, խորը ու զգայուն երաժշտականություն, ինչը համերգների ժամանակ շատերին է զարմացրել։ Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։ Աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։

Օհանը ծնվել է Երուսաղեմում: Հայրը եղել է ատաղձագործ Խաչատուր Խաչատուրյանը, մայրը` արաբուհի: Սկզբնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սովորել է նաև ֆլեյտա նվագել, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց: Հանրակրթական առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր:

1957-60թթ եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-65թթ և 1972-74թթ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1962-69թթ, իբրև հյուր-դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետ, արդյունքում` 19 համերգ, որոնց ժամանակ չի գործածել ո’չ պարտիտուր, ո’չ դիրիժորական փայտիկ: Երկու անգամ նշանակվել է Գևանդհաուզի նվագախմբի ղեկավար: Այդ տարիներին բեմադրել է Ջ.Վերդիի «Դոն Կառլոս» և Ա.Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները: