Գեղեցիկ ձայնի ու կանացի հմայքի տեր ՀԱՅ դերասանուհին, ով կերտել է մի շարք անմոռանալի կերպարներ

Դերասանուհի ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ծնվել է Աշխաբադում: 1933թ. տեղափոխվել է Երևան: 1948թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը, որից հետո հրավիրվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` որպես դերասանուհի: Դեռևս ուսանելու տարիներին հաջողությամբ խաղացել է Կատերինայի (Սոլոգուբի «Քնքույշ սրտից պատուհաս»), Անանիի (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը:

Հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզան Վարդանյանի ստեղծած ավանդույթները: Հաջողությամբ հանդես է եկել ռուս, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել կատակերգական և ողբերգական դերեր: Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ:

Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Լիր արքա» (Կորդելիա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), «Քաոս» (Շուշանիկ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Նուարդ), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Կատրին Լեֆևր), Ֆ.Դոստոևսկի «Ապուշը» (Նաստասյա Ֆիլիպովնա), Պ.Յավորովի «Վիտոշի փեշերին» (Միլա) և այլն:

Նկարահանվել է նաև կինոյում` «Անահիտ» (1947թ.), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.), «Սայաթ-Նովա» (1960թ.), «Ջրերը բարձրանում են» (1962թ.), «Մխիթար Սպարապետ» (1978թ.) և այլն: 1968թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1983թ-ից` պրոֆեսոր): Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1965թ.` Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: