«Երբ վերադարձանք Հայաստան, իջանք օդանավակայանում, կինս նայեց ինձ, ես` նրան, հասկացանք, որ այսպիսի օդ ոչ մի տեղ չէինք շնչել». ՀԱՅ, ում

Հանրահայտ հայ արվեստագետ Գարի Քյոսայանի մուսան ընտանիքն է, երկիրը, հայ ժողովուրդը։ Նա հարցազրույցներից մեկում ասել է. «Երբ 2 տարի առաջ ԱՄՆ-ի հյուրախաղերից ընտանիքով վերադարձանք Հայաստան, իջանք օդանավակայանում, շնչեցինք Հայաստանի օդը, կինս նայեց ինձ, ես` նրան, հասկացանք, որ այսպիսի օդ ոչ մի տեղ չէինք շնչել։ Մեր մրգերի համն ու հոտը մեզ հասկացրեց, որ մենք իրոք դրախտավայրում ենք ապրում»։

Հայրենասիրության դասերն էլ այսօր մասամբ ստանում է իր փոքրիկ աղջկանից, որը նկատողություն է անում հայրիկին, երբ վերջինս գրական հայերենով չի խոսում։ Նա նույնպես դաշնակահարուհի է, սիրում է մայրիկի՝ երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանի երգացանկը և շատ լավ նկարում է։ «Լոս Անջելես թայմսը» գրել է, որ Գարի Քյոսայանի ստեղծագործությունները նոր քայլ, նոր մոտեցում ու նոր հարմոնիաներ են ջազում: Հայկական ջազի վերաբերյալ Գարիի պատմությունները սկսվում են պատանեկության տարիներից։

«Մոտ 19-20 տարեկանում Կոմպոզիտորների միության տան դահլիճում ելույթ ունեցա իմ տրիոյով, որին մասնակցում էր հրաշալի մի երաժիշտ` բաս-կիթառահար Ակսել Բակունցը։ Նրա ջազային ստեղծագործությունը մինչև հիմա ականջներումս է»։ Ջազի հանդեպ անդավաճան սերը Գարին զգացել է 13 տարեկանում։