«Սոսկալի էր հայրիկի աչքերի արտահայտությունը, կարծես թե մեզ հետ չէր, ներքին պայքար ուներ». միայն իմանաք՝ ինչ է ասել ԹՈՒՄԱՆՅԱՆԸ մահվանից վայրկյաններ առաջ

Թումանյանի կյանքի վերջին րոպեների ու վայրկյանների մասին պատմել է Նվարդ Թումանյանը։ Հուշը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների.

«Ծանր  գիշեր էր, շա՛տ ծանր։ Վերջին ուժերը լքում էին հայրիկին։ Այդ գիշեր մեզ հետ էր հիվանդանոցի հերթապահ քույրը` Էռնա Կառլովնան։ Հայրիկը զբաղեցնում էր քրոջը, զրուցում էր հետը, հյուրասիրում էր կանֆետով և մեզ էլ խնդրում, որ գիշերը արթուն մնանք, հսկենք, չքնենք։ Խնդրում էր քրոջը, որ նա էլ չքնի։ Քույրը, իրոք որ գթության քույր, շատ էր ուշադիր ու սիրալիր դեպի հայրիկը։ Առավոտյան ժ. 6-ին հայացքով  ցույց տվեց դեպի պատուհանը։ Նայեցի` տեսնեմ փաթիլ-փաթիլ ձյուն է գալիս։ Մինչ այդ շատ լավ եղանակ էր։ Պատուհանը միշտ բաց էր։

«Ուտելու ախորժակ ունեմ….»։ Կերավ։

Ջուր ուզեց։ Լիքը բաժակը միանգամից դատարկեց, բայց իսկույն թուլացավ։ Աչքերը շարունակ անհանգիստ էին, կարծես բան էր փնտրում։ Հազիվ էր խոսում։ Սրսկում չուզեց. «Դատարկ բան է, ձեր խաթեր եմ անում»։

Բժիշկները եկան. անտարբեր էր, ոչ ոքի չթողեց մոտենան։ Եկան Կարեն Միքայելյանը և Պապա Քալանթարյանը։ Ասաց. «Дайте спокойно отдохнуть»։

Սոսկալի էր հայրիկի աչքերի արտահայտությունը, կարծես թե մեզ հետ չէր, ներքին պայքար ուներ… «Ղոչաղ կացեք»,- այս եղավ հայրիկի վերջին խոսքերը։

Շրթունքները շարժվում էին, բայց չէր կարողանում խոսել։ Ձախ աչքից արցունք կաթեց, քիչ հետո` երկրորդը։ Երեքով նստած էինք մահճակալի շուրջը։ Թվում էր դեռ լսում է։ Շունչներս պահած հետևում էինք հետզհետե մարող մարմնին։ Ժամը ինն անց տասը րոպեին արձակեց վերջին շունչը….

Անբուժելի հիվանդությունն ավարտեց իր սև գործը։

Հայրիկն այլևս չկար…»։ (Հատվածը վերցված է Նվարդ Թումանյանի «Հուշեր և զրույցներ» գրքից։