«Ես սա համարում եմ նաև անձնական նվաճում»․ ԷՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԸ․ նրա շնորհիվ Արգենտինան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

007թ. հունվարի 11-ին Արգենտինայում հռչակվեց 26.199 Ազգային օրենքը, որն ապրիլի 24-ը ճանաչում է որպես Ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Մեր հայրենակից Պեդրո Մուրադյանն այս գործընթացում կարեւորագույն դեր է կատարել: Նա Արգենտիայում զբաղվում է ռասիզմի ու խտրականության դեմ պայքարով։ Պետրոյի ծնողները նույնպես Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր են։

Նա ասում է, որ այդ օրենքը ոչ միայն մեծ քայլ է Արգենտինայի քաղաքականության համար, այլեւ մեծ անձնական ուրախություն. «Թեեւ համակարգային նվաճում էր, ես այն ընկալում եմ նաեւ որպես անձնական: Ցեղասպանությունն առանցքային է իմ կյանքում: Ես շատ եմ աշխատել հանուն հիշատակման, արդարության, եւ որպեսզի այլեւս երբեք ոչ մի ժողովրդի հետ չկատարվի նման ողբերգություն: Մարդու իրավունքների ոլորտում իմ ներգրավվածությունն ու հարգանքը պայմանավորված է իմ մանկության ապրումներով»:

Տեւական պայքարից եւ 1995 թ. այն ժամանակվա նախագահ Մենեմի կողմից օրինագծի մերժումից հետո երկար տարիներ պահանջվեցին, մինչ հնարավոր եղավ հասնել նպատակին: «Թողեցինք, որ ժամանակ անցնի, քանի որ նոր քաղաքական գործընթաց եւ հայեցակարգային փոփոխություն էր անհրաժեշտ: Նեստոր Կիրչների իշխանության գալուց հետո մարդու իրավունքների պաշտպանությունը դարձավ պետական քաղաքականություն, ինչն էլ թույլ տվեց մեզ նորից պայքար մղել: Թեեւ գոյություն ունեին նույն ճնշումները, ինչ Մենեմի նախագահության ընթացքում, սակայն քաղաքական որոշում կար պայքարը շարունակելու, որպեսզի ցեղասպանությունը իրոք ճանաչվի ազգային օրենքով»:

Մուրադյանը միշտ սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված տեղական նախաձեռնություններին՝ սկսած Հայ երիտասարդական միությունից, Հայ ազգային խորհրդից, մինչեւ այժմ՝ Խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտ: Բազմիցս ներկայացրել է Արգենտինան մարդու իրավունքներին նվիրված զանազան ֆորումներում եւ միջազգային գիտաժողովներում: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։