Ո՞վ էր «Մենավոր ընկուզենու» Օհանը․ մի արվեստագետի պատմություն․ նա արժանացել է ոսկե մեդալի

Զարմանալի մարդիկ են արվեստագետները: Նրանք միշտ էլ օժտված են լինում մի քանի տաղանդով։ Բոլոր նրանք, ովքեր հմայվել են Հենրիկ Մալյանի նկարահանած լավագույն ֆիլմերից մեկով՝ «Կարոտ»-ով, թերեւս համաձայնեն ասվածին՝ հիշելով պարզ ու միամիտ, սակայն ողբերգական ճակատագրի դատապարտված Առաքելի կերպարը սքանչելի այս կինոնկարում: Հիշեն նաեւ «Մենավոր ընկուզենու» Օհանին, որին նույնպես մարմնավորել է ոչ թե համապատասխան կրթությամբ ինչ-որ դերասան, այլ նույն ինքը՝ հանրապետության վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:

Կատակասեր մարդկանց, հումորի, արվեստների ու արհեստների քաղաք Գյումրիում է ծնվել մեծ արվեստագետը՝ Աթոյանը: Հայրը մեծն Իսահակյանի ծննդավայր Ղազարապատ գյուղից էր: «Դեռ դպրոցական չէի, բայց նկարում էի,- հետագայում վերհիշելու էր Ռաֆայել Աթոյանը.- շատերն էին ինձ ոգեւորում: ժամակները պատերազմական էին, երբ սովորում էի 4-րդ դասարանում: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչ-որ բան էի նկարում աշխարհագրության ժամին: Ուսուցչուհին, որ չափազանց խիստ էր, նկատեց, մոտեցավ եւ պահանջեց, որ ցույց տամ, թե ինչով էի զբաղված: Ստիպված ներկայացրի: Ընկեր Առաքելյանը երկար նայեց, ուրախացավ ու ասաց. «Ռաֆայել, դու նկարչական ձիրք ունես, Գյումրիում նկարչական դպրոց կա, գնա այնտեղ»: Բայց դժվարին տարիներ էին, ինչպե՞ս կարող էի միաժամանակ երկու դպրոց հաճախել…»:

Մեկ տարի անց սակայն Աթոյանը ընդունվում է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոց։ Անցնելու էին տարիները ու նա ուսանելու էր մայրաքաղաքի գեղարվեստաթատերական ինստիտուտում, դառնալու էր նկարիչների միության անդամ, անհատական ցուցահանդեսներ էր ունենալու Երեւանում, Բելգրադում, Վիեննայում, Զալցբուրգում, Ավինյոնում, Ֆրեզնոյում, պարգեւատրվելու էր «Լավագույն աշխատանք» պատվոգրով, հայրենիքում՝ մշակութային մեծ ավանդի համար արժանանալու մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Հակոբ Սրապյանի հոդվածից։