«Պիտի ամեն ինչ անենք, որ էս վիճակից դուրս գաս, թե չէ որ հայտնի դառնա ինչից ես մահացել` շատ ամոթ կլինի». չեք պատկերացնի, թե ինչու էր վատ զգում մեծանուն դերասան Ազատ Շերենցը և ինչու այսպես ասեց Ֆրունզիկը

Ազատ Շերենցը ծնվել է Թբիլիսիում, մեծացել է մանկատանը, պատերազմից հետո է գտել ծնողներին և տեղափոխվել Գյումրի։ Որդու՝ Արմեն Շերենցի համոզմամբ հայրը կարծես այս կյանքից չլիներ, գործնական մարդ չէր։ Նրա մեջ միամտություն, երեխայական պարզություն կային, բայց շատ լավ և շատ շուտ կարողանում էր մարդկանց ճանաչել։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, անգիր գիտեր դրանք, սիրում էր նաև Շեքսպիրի գործերը, կարդում էր Հեգելի երկերը, նրա սիրելի արտիստը Չառլի Չապլինն էր։

Ազատ Շերենցն ամաչկոտ մարդ է եղել, իր համար որևէ պաշտոնյայից երբեք ինչ–որ բան չի խնդրել, բայց ուրիշների համար դա կարողանում էր անել։

Որդին պատմում է, որ հայրը շախմատ խաղալ չգիտեր, այնուամենայնիվ ժամերով կանգնում էր խաղատախտակի մոտ, դիտում էր խաղը, և բոլորին թվում էր, թե ինքն էլ է լավ խաղում։ Նա չի սիրել կենցաղային գործերը, փորձել է ամեն կերպ դրանցից խուսափել։

Սիրում էր երիտասարդների հետ ընկերություն անել, հատկապես մտերիմ էր Մհեր Մկրտչյանի հետ: Այն ժամանակ Մհերը դեռ հայտնի դերասան չէր, թատերական կրթություն էլ չուներ: Բայց քանի որ շատ տաղանդավոր էր, Շերենցը նրան հորդորել է Գյումրիից գնալ Երևան և սովորել:

Շերենցի և Մհեր Մկրտչյանի մտերմությանն առնչվող հետաքրքիր շատ դրվագներ կան։ Արմենը պատմում է, որ հայրը մեղր շատ էր սիրում, մի անգամ չարաշահել էր և շատ վատ զգացել, բայց այդ մասին հայտնել էր միայն Մհերին: Նա էլ ասել էր` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս վիճակից դուրս գաս, թե չէ որ հայտնի դառնա ինչից ես մահացել`շատ ամոթ կլինի…

Գյումրիում՝ Շերենցի տանը, ամեն ուրբաթ օր դերասաններ, երաժիշտներ էին հավաքվում, խոսում էին տարբեր թեմաներից, վիճում կատակում: Որդին հիշում է հոր նախասիրությունը. շատ էր սիրում ծխախոտ և սուրճ։ Պատահել է` ծխախոտն առանց հանգցնելու քնել է, և անկողինը վառվել է։