Ճանաչեցի՞ք մեծանուն ՀԱՅԻՆ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ով նկարահանվել է «Պեպո», «Զանգեզուր», «Դավիթ Բեկ» և այլ հայտնի ֆիլմերում. ո՞ր ֆիլմից եք նրան հիշում

Հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մելքումի Մալյանը ծնվել է 1904 թվականի ապրիլի 4-ին, Զաքաթալայում: 14 տարեկանում տեղափոխվել է Վրաստանի Թելավ քաղաք, որտեղ մասնակցել է տեղի հայկական և վրացական սիրողական թատերախմբերի ներկայացումներին, ապա սովորել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում:

Աշակերտել է ռեժիսորներ Արշակ Բուրջալյանին և Ստեփան Քափանակյանին: Տարիներ շարունակ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), Երևանի բանվորական թատրոնների դերասան:

Խաղացած ներկայացումներից են` Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Վահագն),  Ն.Զարյանի  «Փորձադաշտ» (Կարսեցյան), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան), «Քաոս» (Սմբատ), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (Օգնև), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Լաերտ, Կլավդիոս), «Օթելլո» (Յագո), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Պարատով), «Եկամտաբեր պաշտոն» (Ժադով), Նար-Դոսի «Սպանփսծ աղավնին» (Թուսյան) և այլն: 

Մեծապես նպաստել է հայկական կինոարվեստի ձևավորմանն ու զարգացմանը: 1926թ-ից նկարահանվել է կինոյում` «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Լեռնային արշավ» (1939թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.), «Սիրտն է երգում» (1957թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1958թ.) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում, Չեխոսլովակիայում և այլուր:

Գրել է «Դեմքեր, հանդիպումներ» (1974թ.) գիրքը: Եղել է ՀԽՍՀ 2-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ: 1950թ. և 1952թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1936թ.` Հայաստանի վաստակավոր, 1943թ.` Հայաստանի, 1974թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1976 թվականի հուլիսի 17-ին, Երևանում: