«Կյանքումս առաջին և վերջին անգամ «ազգային հարցի» շուրջ կոնֆլիկտ ունեցա, ինձ համար սկզբունքային էր, որ իմ անձնագրում գրվի ՀԱՅ». ԽՍՀՄ ամենացանկալի տղամարդկանցից մեկը՝ իր ՀԱՅ լինելու մասին

ԽՍՀՄ ամենացանկալի տղամարդկանց ցանկում է Դմիտրի Խառատյանը: Նա ծնվել է 1960-ի հունվարի 21-ին, Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում: Դմիտրին հորական կողմից հայ է՝ «Հայաստանի ամենահարավային կետից, որից հետո միայն Իրանն է»։

«Բացահայտել եմ ազգանվանս ծագումնաբանությունը։ Միշտ իմացել եմ, թե իմ ազգանունը հայկական «խառատ» բառից է, սակայն պարզել եմ, որ սզբնապես ազգանունը եղել է Խրատյան, իսկ «խրատ»՝ խորհուրդ է նշանակում»,— ասել է նա։

«16 տարեկանում, անձնագիր ստանալիս, կյանքումս առաջին և վերջին անգամ «ազգային հարցի» շուրջ կոնֆլիկտ ունեցա, երբ համառորեն պնդեցի, որ անձնագրավարուհին «ազգություն» վանդակում «հայ» գրի: Դա ինձ համար սկզբունքային հարց էր: Չնայած երակներումս հոսող արյան միայն քառորդ մասն է հայի` ես այդ ազգին մանկուց եմ հարգանքով վերաբերվել: Դժվար է գտնել հայերից ավելի տարաբախտ ժողովուրդ: Իհարկե, բոլոր ազգերն էլ իրենց խնդիրներն ունեն, բայց հայերի մոտ դրանք ավելի շատ են եղել, քան մյուսների: Թեկուզ հենց թուրքերի իրականացրած ցեղասպանությունը, որը 1,5 միլիոն հայերի կյանք խլեց: Գիտեք որն է հայերի ամենագլխավոր կենացը: Ռուսները բաժակ են բարձրացնում «Առողջ լինենք» խոսքով, իսկ հայերն ասում են` «Ցավդ տանեմ»: Ուրիշի ցավը կիսելն այն ազգի սովորություններից է, որի մասնիկն եմ համարում ինձ»:

Դմիտրին թատրոնում սկսել է խաղալ 90-ականների կեսերից։ «Մինչ այդ խաղացել եմ բացառապես կինոյում, այդ իսկ պատճառով, առաջին երկու տարիներին բեմում անվստահ էի ինձ զգում։ Եվ հանդիսատեսը չի տեսել այն Դմիտրի Խառատյանին, ում ցանկանում էր տեսնել»,- խոստովանել է դերասանը։

Դմիտրի Խառատյանի ֆիլմագրությունում ավելի քան 100 ֆիլմ կա, նա ժողովրդական արտիստ է, հասարակության սիրելին, ում աստղն արդեն գրեթե չորրորդ տասնամյակն է, ինչ չի հանգչում: