Գիտե՞ք՝ որն է եղել ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ առաջին ակնարկը և ինչու ոմանց պատժեցին․ կարևոր մանրամասներ

Լոռվա գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի արձանը: Այնտեղ հաճախ են ուխտավորները ծաղիկներ խոնարհում ու հնչեցնում Մաթևոսյանի արձակը:

Գուցե այսօր էլ այնտեղ թևածի մաթևոսյանական ոգին. 2002 թվականի դեկտեմբերի 18-ին հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց Հրանտ Մաթևոսյանին, սակայն ոչ նրա գործերին, որոնք անմահ են:

Ասում են՝ հայ գրականության դասականի գործերը լավ ճանաչելու և հասկանալու համար պետք է գոնե մեկ անգամ լինել Լոռվա չքնաղ բնության գրկում, որի գյուղերից մեկում՝ Ահնիձորում է ծնվել Մաթևոսյանը:


Նրա առաջին ակնարկը հենց «Ահնիձոր» է կոչվում: Կարճ ժամանակում այն մեծ աղմուկ բարձրացրեց: Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին: Ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր գյուղի և գյուղացու ծանր վիճակը: Իսկ ընթերցողներն ակնարկը շատ սիրեցին. դա կարծես նրանց սրտից բխող խոսք լիներ, որը Մաթևոսյանի գրչով շունչ առավ:


«Ահնիձոր»-ով գրական աշխարհ մտավ մի մտածող, ով հետաքրքրվում էր մարդու  սոցիալական ու տնտեսական խնդիրներով: Նրա վիպակներն ու պատմվածքները հայտնի դարձան ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Лори  - Sputnik Արմենիա

Հրանտ Մաթևոսյանի հայրենի Լոռին

Մաթևոսյանի հերթական գլուխգործոցը «Մենք ենք, մեր սարերը» վիպակն է, որը հետագայում էկրանավորեց հայ կինոյի մեկ այլ դասական` ռեժիսոր Հենրիկ Մալյանը։ Այստեղ նույնպես պատկերված է գյուղացիների առօրյան ու սրված է բողոքը՝ ուղղված մարդու կյանքն աղճատող պայմանների դեմ:

Հետագայում հաջորդեցին «Աշնան արև», «Տերը» վիպակները:

Հրանտ Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որ ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ: Նրա գործերը թարգմանված են բազմաթիվ լեզուներով: