«Խոսելիս էնքան հագիստ էր, որ ասում էի ոնց որ մենք ենք էստեղ պատերազմի մեջ, ինքն էլ ասում էր՝ քուր ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, մենք էստեղ ենք, որ ձեզ պաշտպանենք». 19-ամյա ՀԵՐՈՍ Հարությունը հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ զոհեց ամենաթանկը

Հարություն Մկրտիչի Մելքոնյանը 44-օրյա պատերազմի Հերոսներից է: 2001 թվականին ծնված Հարությունը Ախուրիկից էր: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի ձմռանը: Ծառայել է Հադրութում:

9 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Թեժ մարտեր է մղել Հադրութում։

Փոքր ժամանակ, երբ հարցրել են՝ Հարութ ջան, ի՞նչ ես դառնալու, միշտ պատասխանել է՝ զինվոր, հետո՝ ժամանակին համընթաց, երազանքը փոխվել է։ Հերոսի քույրը՝ Արմինե Մելքոնյանը, նրան բնութագրում է որպես հանգիստ բնավորությամբ, լուսավոր, պատասխանատու, պատրաստակամ, մարդկանց նկատմամբ  մեծ հարգանք ունեցող  երիտասարդի։

«Հարությունս երբ 14 տարեկան էր, տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն, 2017 թվականին վերադարձան Հայաստան, որպեսզի մեր երկրում կերտեր իր ապագան․ ուսումն այստեղ շարունակեր, բայց այդ, իր բանակ գնալու տարիքն էր, ու Հարությունն անհամբեր սպասում էր հայրենիքին ծառայելուն։ Դպրոցում սովորեց մինչև 9-րդ դասարան, դրանից հետո ընդունվեց Շիրակի տարածաշրջանային քոլեջը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ, որոշել էր, որ ծրագրավորող պիտի դառնար։ 

Ինքը 1,5 տարի տարկետման իրավունք ուներ, ու դա կապված էր Ռուսաստանում դասարանների  փոփոխության հետ, բայց չօգտվեց այդ իրավունքից, սիրում էր ամեն ինչ ժամանակին լիներ։ Ասում էր՝ իմ ծառայության ժամանակն է, ես պիտի գնամ ու ծառայեմ։ Ասում էինք՝ մնա քոլեջն ավարտի, նոր գնա, ասում էր՝ չէ, ես պիտի ծառայեմ ու գամ։ Ասում էր՝ ես Արցախում պիտի ծառայեմ, կգամ ու ուսումս կշարունակեմ։

Հենց առաջին օրվանից մեծ ուրախությամբ, մեծ սիրով ծառայել է, ոչ մի բողոք չի եղել իր կողմից, երբ զանգել է, հանգիստ ձայնով ասել է՝ ամեն ինչ լավ է, տղեքը լավն են, շատ լավ տեղ է։  Հրաժարվեց իր տարկետման իրավունքից ու գնաց իր ճակատագրի հետևից․․․»,-պատմում է Հերոսի քույրը։

Հերոսի հետ վերջին հեռախոսազրույցը եղել է մահից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին։ «Պատերազմի ժամանակ որ զանգում էր, իրեն բնորոշ հանգստությամբ էր խոսում, ասում էի՝ Հարութ ջան, կարծես մենք ենք էստեղ պատերազմի մեջ, ձեր մոտ սովորական ծառայություն է։ Ասում էր՝ քուր ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, մենք էստեղ ենք, որ ձեզ պաշտպանենք։

Վերջին անգամ  մայրս էր խոսել  հետը՝ հոկտեմբերի 11-ին, երևի ինչ-որ բան զգացել էր, մայրս ասել էր՝ Հարութ ջան, գոնե մի անգամ զանգի օրվա մեջ, պատասխանել էր՝ մամ ջան, որ չեմ զանգում կամ ուշ եմ զանգում, դիմացի, ես լավ եմ, ամեն ինչ լավ է, հանգիստ եղեք»։

«Շատ հարգալից էր մարդկանց նկատմամբ, նկարվել  չէր սիրում, երբ ասում էի՝ Հարութ ջան, նկարեմ էլի քեզ, որպեսզի ինձ չնեղացնի, համաձայնում էր, ժպտում էր, միայն թե իմ սիրտով լինի։ Ամեն ինչ անում էր, որ իրենից ոչ մեկը չնեղանա։ Երբ վարորդական վկայական ստացավ, իր համար մեծ ուրախություն էր, զանգել էր մամայիս, թե մամ ջան, չե՞ս շնորհավորում տղադ վարորդական վկայական ունի։ Մեծ հպարտություն է Հարությունի նման հերոս եղբայր ունենալը»:

Հարություն Մկրտիչի Մելքոնյանը հանուն Հայրենիքի զոհել է կյանքը և ընկել հոկտեմբերի 12-ին:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…         
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…

Աղբյուրը՝ aravot.am