«Հազարավոր կիլոմետրեր այն կողմ, սակայն նորից Հայաստան եմ նկարում…»․ մեծն նկարիչն ու ժողովրդի սերը վայելող արվեստագետը

Տաղանդավոր արվեստագետ, նկարիչ Ռաֆայել Աթոյանը կյանքի վերջին տարիներն անցկացնելու էր օվկիանոսից այն կողմ՝ սարոյանական Ֆրեզնոյում: «Հազարավոր կիլոմետրեր այն կողմ, սակայն նորից Հայաստան եմ նկարում…»: Ռաֆայել Աթոյանը մտերիմ է եղել նաեւ Վիլյամ Սարոյանի հետ: Ուշագրավ մի հուշ էլ այդ օրերից.

«Հերթական անգամ հայրենիքում էր: Ինձ եւ նկարիչ ընկերոջս բախտ վիճակվեց նրա հետ մեքենայով մեկնել Գառնի: Մենք հետեւում էինք, ինքը՝ վարորդի կողքին: Հանկարծ շրջվեց մեր կողմը եւ «Ի՞նչ ըսել է Գառնի» հարցով դիմեց ինձ: Ես էլ, որ չգիտեի այդ անվան բուն իմաստը, նկատի ունենալով, որ Գառնին հարուստ է ընկուզենիներով՝ ասի՝ վայր, որտեղ շատ ընկույզ կա: «Մի՞թե»,- զարմացավ: Հասկացա, որ չի հավատացել ասածիս, խոստովանեցի, որ հորինել եմ, սուտ եմ ասել: Սարոյանը թե. «Եղբայր, սուտն ալ պիտի սիրուն սուտ ըլլա: Դուն կարող էիր ըսել, օրինակ, որ Գառնի կնշանակե հրեշտակներու հավաքատեղի կամ թե նման մեկ այլ բան…»:

Վաստակավոր նկարիչն ու դերասանական շռայլ տաղանդով օժտված արվեստագետը Ամերիկա էր մեկնել 1994-ին եւ մշտնջենական հանգրվանը գտել Ֆրեզնոյում: Նա, որ կարող էր զարդարել «Հայֆիլմի» լավագույն կինոնկարները՝ իր մեծ ավանդը թողնելով նաեւ կինոարվեստում: Հակոբ Սրապյանի հոդվածից։