«Որոշեցի՝ տեսնեմ երեխուս, բայց տեսածիցս հետո հոգեկան ծանր ապրումներս չեն դադարում». զոհված ՀԵՐՈՍ Արթուր Գասպարյանի մայր

Արթուր Գասպարյանը ծառայում էր Մարտունի 3-ում, պատերազմի ընթացքում Հադրութ տեղափոխվելիս անհետացած ապա սպանված հայտնաբերված 73 զինվորներից մեկն է:

Վերջին անգամ Աննա Գասպարյանը որդու հետ խոսել էր հոկտեմբերի 11-ին: Արթուրն ասել է` մեզ տանում են, բայց չգիտեմ, թե ուր: Խոստացել էր հասնելուն պես զանգել: Նրանից այլեւս որեւէ լուր չէր եղել:

Զինվորի մասունքները Երեւան են հասել անցած տարվա դեկտեմբերի 7-ին: Անտեսելով բոլորի հորդորները, մայրը մտել է դիահերձարան` վերջին անգամ տեսնելու որդուն: Թեեւ իր այդ որոշումը ճիշտ է համարում, բայց, ասում է, դրանից հետո իր հոգեկան ծանր ապրումները չեն դադարում.

«Ես մտել, տեսել եմ: Ոչ գլուխը կար… ոտքն էլ չկար: Միայն շորերն էին հագը: Ուզում էի ինքս տեսնել, թե ինչ վիճակում է: Դժվար էր, բայց ասում էի` գոնե վերջին անգամ տեսնեմ որդուս: Ես անգամ ԴՆԹ-ի հաստատումից հետո էլի մտել եմ Հերացի: Չէին թողնում, բայց մտել եմ: Որ էրեխուդ միշտ լավն ես տեսել, էդ վիճակում տեսնում ես, հոգեպես ավելի ես տանջվում»: