ՀԵՐՈՍ ՍԵՅՐԱՆԸ հանուն հայրենիքի պայքարեց 27 օր, ցավոք, քաջի մահով ընկավ ծնունդից 2 օր առաջ. ճանաչե՛ք մեր ՔԱՋՈՐԴՈՒՆ

Սեյրան Սոսի Սիմոնյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Թումանյան քաղաքում: Սովորել է Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցում: Մանուկ հասակում եղել է շատ աշխույժ և չարաճճի երեխա։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո ընդունվել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան:

Հետագայում Սեյրանի ընտանիքը դարձել է բազմազավակ ընտանիք։ Ընտանիքում մեծացել են 4 երեխա։ Ունի երկու քույր և մեկ եղբայր։ Սեյրանը ընտանիքի ավագ որդին էր։ Կյանքով լեցուն, ժպիտը դեմքին, բարի, զուսպ և հոգատար տղան քաղաքում վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Զբաղվում էր ֆուտբոլով։ Սեյրանը ընկերասեր էր, կամեցող, ձգտում էր օգնել բոլորին։ Օրվա մեծ մասը անց էր կացնում ընկերների հետ։

Շատ էր ցանկանում սովորել ռազմական ակադեմիայում և հետագա կյանքը նվիրել Հայրենիքի պաշտպանության գործին, սակայն ծնողները դեմ էին և չէին ցանկանում, որ իրենց որդին կյանքը հավերժ վտանգի տակ դնի։ 18 տարին լրանալուն պես Սեյրանը զորակոչվում է Հայկական Բանակ, իր երկար սպասված գործին անցնելու համար։ Հայրենիքի պաշտպանությունը Սեյրանի կյանքի գլխավոր նպատակն էր։ Բանակ գնալուն պես Սեյրանը ծառայել է որպես հետախույզ, որի համար շատ էր ուրախացել։

Սեյրանի ծառայակից ընկերները փաստում են, որ նա իր ընկերասիրությամբ աչքի է ընկել նաև բանակում։ Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց Հայ-ադրբեջանական պատերազմը, սերժանտ Սիմոնյանը մասնակցել է առաջին օրվանից սկսած։ Ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքար մղելիս Սեյրանը փրկել է իր երկու զինակից ընկերներին՝ վիրավոր մարմնով պաշտպանելով նրանց։

Ոչնչացրել է բազմաթիվ թշնամական ուժեր։ Սեյրան Սիմոնյանը հանուն հայրենիքի պայքարեց 27 օր։ Ծնունդից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 23-ին Սեյրանը քաջի մահով ընկավ հայրենիքի համար մղվող պայքարում։

Նույնիսկ պատերազմի օրերին չէր կորցրել իրեն բնորոշ լավատեսությունը։ Սեյրանը ապրեց ընդամենը 20 տարի, բայց իր ապրած 20 տարիներիների ընթացքում մարդկանց համար եղավ օրինակ։

Բարի, մարդասեր, հավասարակշռված, ուժեղ և որ ամենակարևորն է Հայրենասեր Հայի օրինակ։ Հայրենիքին մատուցած ծառայության համար Սեյրան Սոսի Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ 《Հովհաննես Թումանյան》 մեդալով: