Նախկինում երբեք չհրապարակված փաստաթղթեր ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ մասին․ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

 ՌԴ ՊՆ կենտրոնական արխիվի գաղտնազերծած ֆոնդերում պահված և Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերը ներկայացնող բացառիկ փաստաթղթերն արդեն կարելի է գտնել պաշտպանության նախարարության կայքում։ Այդ մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախկինում երբեք չհրապարակված փաստաթղթերն ընդհանուր առմամբ ավելի քան 100 էջ են, որոնցում ներկայացված են զորահրամանատարների, այդ թվում`  Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գաղտնազերծած հուշերը։

«Ներկայացված փաստաթղթերի բացառիկ առանձնահատկությունն այն է, որ զորահրամանատարներն իրենց վստահված զորքի վիճակը պատերազմի նախաշեմին գնահատել են խիստ և ռազմական հստակ ձևակերպումներով», – նշել են ՊՆ–ից։

Փաստաթղթերում տեղեկություններ կան «1941 թվականի պետական սահմանի պաշտպանության ծրագրով» Մերձբալթյան, Կիևյան և Բելառուսական հատուկ ռազմական օկրուգների զորքերի ամրակայման ընթացքի մասին, տվյալներ են պարունակում պատերազմի սկզբում պետական սահմանային պաշտպանական գծի պատրաստվածության աստիճանի մասին։

Զորահրամանատարներից շատերը նաև իրենց հուշերն են ներկայացրել այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրել, երբ զորամասերն ու զորամիավորումներն առաջին անգամ մարտադաշտ են դուրս եկել գերմանա–ֆաշիստական զորքերի դեմ։

«Հետաքրքիր են հատկապես Մերձբալթյան հատուկ ռազմական օկրուգի շտաբի հետախուզական բաժնի պետի տեղակալ Կուզմա Դերևյանկոյի հուշերը։ Նա բազմակողմանի գնահատական է տվել պատերազմի նախօրեին օկրուգի և ճակատի հրամանատարության հետախուզության ապահովման որակին», – նշել են պաշտպանական գերատեսչությունից։