Աշտարակում գտել են գաստրոնոմիական մայրաքաղաք դառնալու բանալին. իմանալ ավելին

Աշտարակը կարող է դառնալ Հայաստանի գաստրոնոմիական մայրաքաղաքն ու հայ գինեգործության հայրենիք Արենիի մրցակիցը: Sputnik Արմենաիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Աշտարակի քաղաքապետի խորհրդական Արթուր Ոսկանյանը։

Քաղաքում հյուրանոցներ գրեթե չկան, հետևաբար զբոսաշրջիկներն այստեղ գիշերելու հնարավորություն չունեն։ Սակայն քաղաքային իշխանությունները որոշել են զարգացնել զբոսաշրջությունն ու միաժամանակ բարելավել բնակչության բարեկեցությունը։ Նրանք բիզնես-հյուրընկալության դասընթացներ են անցկացրել, ու հիմա 25 տնտեսություն կարող են զբոսաշրջիկների ընդունել, նրանց ապահովել գիշերակացով ու համեղ նախաճաշով։

«Մեր նպատակն է գոնե երկու օր պահել զբոսաշրջիկին։ Դրա համար միայն պատմամշակութային հուշարձանները բավարար չեն», — ընդգծեց Ոսկանյանը` նշելով, որ քաղաքում միջնադարյան կամուրջ ու բաղնիքներ կան, կա նաև մի ջրանցք, որում ուրարտական շարվածքի հատվածներ են պահպանվել։

Ոսկանյանը համոզված է, որ քաղաքը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկին գինեգործարաններով ու մառաններով։ Դրանցից մի քանիսը շատ հին են, մեկը նույնիսկ գինու բակ «կոչում» է ստացել։

Սակայն գինու իսկական սիրահարներին կարելի է գրավել միայն բարձրորակ ըմպելիքով։ Նա ընդգծեց, որ հենց դրա համար էլ Արագածոտնի 20 բնակիչ որակավորման բարձրացման դասընթացներ են անցել ու սովորել են գինեգործության ամբողջ գործընթացը՝ սկսած խաղող տնկելուց ու վերջացրած համտեսելով։

«Արենիի գինին հիանալի է, ու արդեն տարիներ շարունակ այնտեղ գինու փառատոն է անցկացվում, բայց մենք մի մեծ առավելություն ունենք․ ավելի մոտ ենք Երևանին ու կարող ենք ընդունել բիզնես-զբոսաշրջիկներին կամ այն մարդկանց, որոնք երկարատև ուղևորության ժամանակ չունեն», — ասաց քաղաքապետի օգնականը։

Ոսկանյանը վստահ է, որ քաղաքը կարող է Հայաստանի խոհարարական մայրաքաղաքը դառնալ, ինչպես նաև ավանդական հայկական ուտեստներ համտեսելու լավագույն վայրը։ Նա նշեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում, ու տեղեկություն են հավաքում այստեղի բնակիչների պատրաստած ավանդական ուտեստների մասին։

«Մենք հասկանում ենք, որ սա շատ հավակնոտ ու պատասխանատու նախագիծ է, բայց մտադիր ենք ներկայացնել հայկական խոհանոցի գլուխգործոցները ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև մեր քաղաքացիներին», — ընդգծեց նա։