«Իմ ստեղծագործությունները հենց այս հող ու ջրի արդյունք են»․ ինչպե՞ս ԼԵԳԵՆԴԸ տարիներ առաջ բացահայտեց Գյումրու ֆենոմենը

Մի քանի տարի առաջ Գյումրու Սև Բերդում կենդանի լեգենդ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն էր: Հարյուրավոր մարդիկ եկել էին վայելելու սիրված կոմպոզիտորի երաժշտությունը:

Թվում է, թե համերգի տոմսերն այնքան էլ թանկ չէին՝ 3-5 հազար դրամ, սակայն հասարակ գյումրեցիներից շատերը չէին կարող իրենց նման շռայլություն թույլ տալ, գալ համերգին և վայելել սիրված կոմպոզիտորի ստեղածագործություններն ու կենդանի կատարումը: Դահլիճում հիմնականում հավաքվել էին ԱԺ պատգամավորները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները, Երևանից ժամանած հյուրերը:
Համերգի ընդմիջմանը Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվեց զրուցել Տիգրան Մանսուրյանի հետ: Զրույցը նրա ու Շիրակի մասին էր, միմյանց կապող անբացատրելի թելերի մասին:

«Իմ ստեղծագործությունները հենց այս հող ու ջրի արդյունք են»,- ասաց մասեստրոն:

Մանսուրանի ընտանիքը ժամանակին Բեյրութից ներգաղթել է Հայաստան, հաստատվել Շիրակում: Առաջին տարիներն ապրել են Պեմզաշեն գյուղում, ապա 1947-ին՝ տեղափոխվել Արթիկ, որտեղ, ինչպես ինքն է ասում, սովորել է հայ գիրն ու առաջին անգամ Արթիկի կուլտուրայի տանը ծանոթացել երաժշտական գործիքին:

«Արթիկն ինձ համար շատ սիրելի է: Երաժշտական գործիքի հետ իմ առաջին ծանոթությունը նույնպես եղել է Շիրակում: Ժողովրդական երգի հանդեպ ունեցած սերս նաև Հառիճավանքից է, երբ կիրակի օրերին գնում էի կանաչ-կարմիր կիրակիներին մասնակցելու: Հրաշք էր: Այստեղ եմ առաջին անգամ 1954 թվականին հանդիպել Արամ Խաչատրյանին. դա մի անմոռանալի երաժշտական տոն էր: Ինձ համար Գյումրին իմ հոգու ամենամեծ հարստությունն է: Գյումրին ինձ անսահման ջերմություն ու քաջալերանք է տվել»,- ասաց Մանսուրյանը:  

Երաժշտի կապը Շիրակ աշխարհի հետ Արթիկով չի ավարտվել. առաջին երաժշտական կրթությունը ստացել է Գյումրիում, ու այս քաղաքի մասին հիշողությունները նույնպես բարի ու երանելի են:

 Զրույցի ընթացքում Մանսուրյանը բացահայտեց նաև Գյումրու արվեստածին լինելու ֆենոմենը:

«Գյումրին իր բառ ու բանով, արվեստ սիրելու իր նվիրվածությամբ իրապես սահման ճչանաչող մի երևույթ է: Այստեղ արվեստն իսկապես սիրված է, հարգանք կա արվեստի ու արվեստի մարդու նկատմամբ ու միշտ թև է տալիս արվեստագետին: Իսկ արվեստագետը երբեմն երեխա է՝ նրան պետք է ներշնչես, գուրգուրես, իսկ Գյումրին այդ կարողությունն ունի: Պատահական չէ, որ այստեղ են ծնվել շատ մեծ անուններ՝ Շարա Տալյան, Արմեն Տիգրանյան, Նիկողայոս Տիգրանյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Շիրազ, Ֆրունզիկ Մկրտչյան: Այստեղ է իր քայլերն արել Վարդան Աճեմյանը, Մինասը… բոլորին թվարկել հնարավոր չէ»,- ասաց Մանսուրյանը:

Նա հիշեցրեց, որ այստեղ ոչ միայն արվեստն է զարգացել, այլ նաև՝ գիտությունը, այստեղ է զարգացել ամենափառավոր աշուղական արվեստը:

«Դժվարանում եմ ասել ինչից է, բայց այս հողի ու Արագածի հարևանությունը մի առանձնահատուկ նվեր է այս ժողովրդին, և երբ երեկոյան Արագածից հովն է իջնում, այնպիսի մի խորհուրդ ունի իր մեջ՝ շատ կարճ պահ՝ մինչև մայրամուտի վերջը, այդ հովը պտտվում է այս կողմերում, ու դա ինչե՞ր է բերում մարդկանց սրտին, ինչե՞ր է հիշեցնում, ի՞նչ դարերի հետ է կապում՝ Աստված գիտի: Այնպես որ բնությունն ինքն է այստեղ մարդկանց մղել դեպի այդ բարձր աստղերի ճանապարհ»,- նշեց մաեստրոն:

Մանսուրյանը վստահեցրեց՝ իր բոլոր ստեղծագործությունների մեջ Շիրակից տարված մեղեդիրներ կան:

«Ես իմ երաժշտական մկրտությունն այս հողում եմ ստացել ու դա ինձ համար շատ ու շատ թանկ է, բացի այդ մկրտությունից, այստեղ մարդկային աջակցության ու գթասրտության, մարդուն հասնելու կարողություն ունեն: Ինչքան որ բիրտ ու ամուր է բնավորությունը, այնքան փափկասիրտ լինելն ու մարդուն հասնելու կարողությունն այստեղ անվերջ է»,- ասաց նա:

Սև բերդում կայացած համերգի վերջում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լեգենդար կոմպոզիտորին նվիրեց Գյումրին խորհրդանշող «Կլկլանը»՝ Գյումրու մի կտորը միշտ իր հետ ունենալու համար:

Խոսակցություններ էին պտտվում, որ Տիգրան Մանսուրյանին ի սկզբանե չի գոհացրել Սև բերդի ռոյալի տեխնիկական հնարավորությունները, և նա որոշել է իր ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացնել նվագախմբերի կատարմամբ: Սակայն երբ համերգի վերջում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան հանձնեց «Կլկլանը» և գյումրեցիների անունից խնդրեց որևէ բան նվագել հայտնի ֆիլմերի ստեղծագործություններից, ռոյալը հանեցին բեմ, ու մաեստրոն նստեց աթոռին:

Հանդիսատեսի մեծ մասը չէր էլ կարող կռահել, որ ռոյալը որևէ խնդիր ունի. մաեստրոյի վարպետության ու ստեղծագործությունների գաղթակղիչ ուժի շնորհիվ ստեղները մոգական հնչյուններ արձակեցին՝ տևական ժամանակ քարացած պահելով Սև բերդը:

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն Գյումրու Սև բերդում անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Պրոֆ» պրոդաքշնի նախաձեռնությամբ:

Երեկոյի ընթացքում հնչեցին հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Երեկոյին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան), Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):

Մենակատարներն էին ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը (սոպրանո), Հենրիետտա Հարությունովան (սոպրանո), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Յանա Դարյանը (ալտ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր):