Ինչպե՞ս մարշալ Բաղրամյանը հյուրընկալեց Խանոյաններին. ԼՈՒՍԱՆԿԱՐ, որի պատմությունը պետք է իմանա յուրաքանչյուր ՀԱՅ

Ստորև Ձեզ ենք ներկայացնում այդ լուսանկարի պատմությունը:

Մոսկովյան լավ կահավորված բնակարան։ Հեռախոսը զանգում է։

Խոսափողի մյուս կողմից ներկայանում են. «Պարոն Բաղրամյան, ձեր հայրենակիցներից են։ Հիմա Մոսկվայում ենք ու շատ ենք ուզում ձեզ տեսնել։ Կարելի՞ է»։

— Եկեք, – պատասխանում է մարշալ Բաղրամյանը։

Գործողության ժամանակը` նախորդ դար, յոթանասունականների կեսերը։

Գործողության վայրը` քաղաք Մոսկվա։

Գործող անձինք` Միխայիլ և Ասյա Խանոյաններ` ամուսին և կին։

Զանգի պատճառը` երազում էին ծանոթանալ հայերի ամենասիրած հայի հետ։

Շարունակությունը փոխանցում եմ Խանոյանների դստեր` Անուշի խոսքից։ «Ցրտաշունչ Մոսկվայում շատ դժվար էր կենդանի ծաղիկներ գնել, սակայն ծնողներիս հաջողվել էր. ծաղկեփունջը ձեռքերին նրանք հյուր գնացին»։

Հարցնում եմ.

— Իսկ ծնվողներդ ո՞րտեղից էին գտել մարշալի հեռախոսահամարն ու հասցեն։

— Համարը հեռախոսագրքից էին գտել, իսկ հասցեն հենց ինքը` Բաղրամյանն էր թելադրել։

Հետո եղան առաջին ողջույնները նախասենյակում, ծաղիկները միանգամից շքեղ ծաղկամանի մեջ հայտնվեցին ու գեղեցիկ տեսք ստացան։ Ոտքի վրա առաջին խոսքերն են փոխանակում, հետո հյուրասենյակ են մտնում, ու մարշալը հարցնում է։

— Բայց ամեն դեպքում, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

— Շնորհակալություն, ոչ մի բանով։ Մենք պարզապես ձեզ շատ ենք սիրում, եկել ենք ծանոթանալու ու մեր հարգանքը հայտնելու։ Այսքանը,– ժպտում են հյուրերը։

— Դե, ուրեմն, միանգամից գործի անցնենք, – մարշալն ավելի լայն է ժպտում ու ամուսիններին հրավիրում սեղանի մոտ։

Իսկ հիմա ուշադիր նայեք ճաշից հետո արված լուսանկարին, որում ամեն ինչ ոչ թե լավ, այլ շատ լավ է։ Միշա ու Ասյա Խանոյաններն ուրախ են, որ կարողացան իրենց ուզածն իրականացնել ու մոտիկից շփվել Բաղրամյանի հետ, իսկ մարշալը` որ ևս երկու հիանալի հայի հանդիպեց։

— Մայրս ու հայրս լուսանկարում պարզապես շողում են։ Դա Բաղրամյանի հմայքից ու նրա արձակած լույսից է, – գրել էր ինձ Անուշը։

Զարմանալիորեն դիպուկ մեկնաբանություն է։ Ահա և ամբողջ պատմությունը. այն պարզ է ու խոսուն։

Մինչդեռ այս պատմությունն իր նախաբանն ունի։ Պետք է հետ տանեմ ընթերցողին յութանասունականների Երևան, Աբովյան փողոց, որտեղ «Երևան» հյուրանոցին կպած մի լուսանկարչական արհեստանոց կար։ Այն Գաբրիել Խանոյանին` Միխայիլ Խանոյանի հորն էր պատկանում։

Արհեստանոցը բակում էր, իսկ փողոցում սև ու սպիտակ լուսանկարներով պաստառ էր փակցված։ Վարպետն ամենալավ լուսանկարներն էր ցուցադրության հանել։ Ինչպես տեխնիկական առումով լավագույնը, այնպես էլ ժողովրդի կողմից սիրված անձանց լուսանկարներըԳոհար Գասպարյան, Հրաչյա Ներսիսյան, Արամ Խաչատրյան… Լուսանկարներն անընդհատ թարմացվում էին, սակայն կար մի լուսանկար, որը տարեցտարի իր տեղում էր մնում դա Բաղրամյանի լուսանկարն էր, որտեղ մարշալը պաշտոնական համազգեստով էր` անթիվ–անհամար շքանշաններով ու մեդալներով։ Այսպես, դեռ կրտսեր Խանոյանից առաջ, մարշալին իր հարգանքի տուրք էր մատուցում ավագ Խանոյանը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Դեռ Խրուշչովի օրոք, երբ ցանկացած շեղում կուսակցության գլխավոր ուղղությունից դավաճանություն էր համարվում, ավագ Խանոյանն իր ցուցապաստառին փակցրել էր զորավար Անդրանիկի դիմանկարը։ Զորավար Անդրանիկը պաշտոնապես խորհրդային իշխանության թշնամին էր, իսկ ոչ պաշտոնապես` ամբողջ հայության սիրելի հերոսը։

Ի զարմանս և ի ուրախություն երևանցիների դիմանկարը մի քանի օր ցուցադրվեց, հետո հրամայեցին այն հանել։ Սակայն, ինչն ավելի զարմանալի է, համարձակ լուսանկարչի համար դա անհետևանք մնաց։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ հայտնի ֆիդայի զորավարին, որն ավելի ուշ ռուսական բանակի գեներալի կոչում ստացավ, սիրում էր ոչ միայն հասարակ ժողովուրդը։