Այս տաղանդավոր ԴԵՐԱՍԱՆԻՆ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում հերթական ներկայացման ավարտին ձերբակալել են և շուրջ մեկ տարի Երևանի բանտում կտտանքների ենթարկել` իր չգործած հանցանքների համար.

Դերասան, դրամատուրգ ՄԿՐՏԻՉ ՋԱՆԱՆ կամ Մկրտիչ Ջանանյան ծնվել է Կոստանդնուպոլիսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սահակյան և Կարապետյան վարժարաններում, ապա սովորել իրավաբանական դպրոցում, որը չի ավարտել:1918թ. ակտիվ մասնակցել է «Պոլսո հայ դրամատիկ ընկերության» կազմակերպմանը, ուր խաղացել է գրեթե բոլոր ներկայացումներում: Դերասանական արվեստը կատարելագործելու նպատակով 1919թ. մեկնել է Փարիզ, ընդունվել կոնսերվատորիայի դրամատիկական բաժին (ազատ ունկնդիր), աշակերտել Պոլ Մունեին: Փարիզում կազմակերպել է ներկայացումներ, մասնակցել Արմեն Օհանյանի համերգներին:

Շրջագայել է նաև Անգլիայում, Իտալիայում, Շվեյցարիայում: 1921թ. վերադարձել է Կ.Պոլիս, կրկին մասնակցել հայկական ներկայացումներին: 1923թ., Ամո Խարազյանի հետ նախաձեռնել է «Կոլեկտիվ թատրոնի» ստեղծումը, 1928թ.` հիմնադրել Երևանի ադրբեջանական թատրոնը, եղել գեղարվեստական ղեկավար, հետագայում մասնակցել քրդական և պատանի հանդիսատեսի թատրոնների կազմակերպմանը: Տպավորիչ արտաքինը, հստակ ու ազդեցիկ ձայնը, հարափոփոխ դիմախաղը նրան հնարավորություն են ընձեռել կատարելու գեղարվեստական մեծ ընդհանրացումներ: Իր ստեղծած խորապես ռեալիստական կերպարները նա օժտել է սպառիչ բնութագրերով և սոցիալական շեշտված նկարագրով:

Աչքի է ընկել ոչ միայն հերոսական, բնութագրական, այլև կատակերգական դերերում: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Օգսեն), «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ աղա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), «Մակբեթ» (Մակբեթ), «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), «Վենետիկի վաճառականը» (Լորենցո), Մոլիերի «Դոն Ժուան» (Դիմանշ), «Երևակայական հիվանդ» (Արգան), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար, Սեյրան), «Պատվի համար» (Էլիզբարով), «Չար ոգի» (Գիժ Դանիել), Բ.Լավրենյովի «Բեկում»(Գոդուն), Մ.Գորկու «Հատակում» (Սատին), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքագլուխ), Իվանովի «Զրահագնացք 14-69» (Պեկլևանով ), Մ.Ջանանի «Շահնամե» (Շահ Զեիր) և այլն: Պիեսներ է բեմադրել Երևանի Առաջին պետթատրոնում, Բանվորական, ադրբեջանական, Լենինականի թատրոններում: Վ.Թոթովենցի հետ թատերգության է վերածել Հ.Պարոնյանի«Մեծապատիվ մուրացկաններ»-ը: Նկարահանվել է «Խասփուշ» (1927թ,), «Երկու գիշեր» (1932թ.), «Քրդեր և եզդիներ» (1933թ.) ֆիլմերում: 1932թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ: 1937թ. հուլիսի 27-ին Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում հերթական ներկայացման ավարտին նրան ձերբակալել են և շուրջ մեկ տարի Երևանի բանտում կտտանքների ենթարկել` իր չգործած հանցանքների համար: Գնդակահարվել է Երևանում: