Հայաստանի ժողովրդական արտիստ, ով նկարահանվել է «Տժվժիկ», «Կրակ», «Շրթներկ համար 4» և այլ սիրված ֆիլմերում. գիտեի՞ք, որ նա եղել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կինը

Հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգո (Մարգարիտ) Գրիգորի Մուրադյանը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 9-ին, Վրաստանի Ախալցխա քաղաքում: Եղել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կինը: 1934թ. տեղափոխվել է Երևան:

Դերասանական կրթություն ստանալուց հետո Արմեն Գուլակյանի հրավերով աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Աչքի է ընկել դրամատիկական, կենցաղային, բնութագրական դերերով: 

Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Լիր արքա» (Կորդելիա), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Անյա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Շուշանիկ), «Նամուս» (Սուսան), Դոստոևսկու «Ապուշը» (Ագլայա), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Նուշիկ), Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Անահիտ), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Անահիտ), Ֆ.Լորկայի «Բերնարդա Ալբայի տունը» (Մագդալինա), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Ելիզավետա), Ս.Հարությունյանի «Դատավորը» (Նազենի), Մ.Պանյոլի «Տոպազ» (Սյուզի), Միլլերի «Բոլորը իմ որդիներն են» (Լիդա Լյուբ) և այլն:

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Տժվժիկ» (1961թ.), «Կրակ» (1963թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Արևիկ» (1978թ.), «Արահետ» (2005թ.) և այլն: Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների (Գ.Խուգաևի «Անդրոն և Սանդրոն», Մ.Սովաժոնի «Չաո» և այլն): 

Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի, 1956թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 2016 թվականի ապրիլի 28-ին, Երևանում: