Այս դաշնակահարուհին հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իրաքում և այլ երկրներում

Դաշնակահար, օպերային երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ծնվել է Թբիլիսիում: Եղել է օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի դուստրը և շեփորահար Միքայել Խաչատրյանի կինը: Հանդես է եկել և որպես դաշնակար և որպես երգչուհի: Կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը, Անուշի (Ա.Տիգրանյանի «Անուշ»), Ռոզինայի (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը: 1948թ-ից աշխատել է Երևանի կոնսերվատորիայում` որպես կոնցերտմայստեր, իսկ 1952-59թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես մեներգչուհի:

1963թ-ից կոնսերվատորիայում դասավանդել է կամերային երգեցողություն, 1968թ-ից` մեներգեցողություն (1985թ-ից` պրոֆեսոր): Նրա սաներից շատերն դարձել են եվրոպական և ամերիկյան օպերային թատրոնների և երաժշտական այլ հաստատությունների մենակատարներ` Մելանյա Աբովյան, Անահիտ Ներսիսյան, Լիլյա Օվչյան, Ջուլիետ Գալստյան, Սուրեն Շահիջանյան, Նարինե Օջախյան և այլք:

Ելույթներ է ունեցել Զարուհի Դոլուխանյանի, Մակվալա Կասրաշվիլու (Ռուսաստան), Մանուկ Բարիկյանի (Անգլիա), Տիգրան Ժամկոչյանի (Իտալիա), Ժանետ Գույումջյանի (Եգիպտոս), Լիլի Չուգասզյանի (ԱՄՆ), Դավիթ Վարժապետյանի (Կանադա) հետ, երկար տարիներ ստեղծագործական կապերի մեջ է եղել Լուսինե Զաքարյանի, Ռուբեն Ահարոնյանի, Մեդեա Աբրահամյանի, Զոյա Պետրոսյանի, Գոհար Գալաչյանի, Օլգա Գաբայանի, Վահան Միրաքյանի հետ: Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իրաքում և այլ երկրներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: