«Մեծ բանաստեղծ հայրիկ»-ը՝ որպես որբերի և գաղթակաների ցանկությունների իրականացնող. նամակների բնօրինակներ, որոնք առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ

«Գիշերները բաց օդի մեջ կքնանամ և առանց անկողնի։ Խնդրում եմ տրամադրել զույգ ոտնաման, մեկ տաբատ և մեկ վերարկու, 2 զույգ ճերմակեղեն»։ Սա 1915թ.–ին բանաստեղծ Հովհաննես Թումանյանին ուղղված բազմաթիվ նամակ–խնդրագրերից մեկն է։

Հայոց ցեղասպանության օրերին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ստանձնել էր գաղթականներին և որբերին օթևանով ու սնունդով ապահովելու գործը։ Հենց Թումանյանի շնորհիվ է բացվում 5 հիվանդանոց` 500 մահճակալով և որբանոց` 3000 երեխայի համար: Հայ գաղթականներն ու որբերը Թումանյանին անվանում էին «մեծ բանաստեղծ հայրիկ»:

Թումանյանի` որբերին ու գաղթականներին օգնելու մասին բոլորը գիտեին, շատերն էին նրան նամակով դիմում աջակցության համար։ Հովհաննես Թումանյանի թանգարանում այսօր պահպանված են մեծ գրողին ուղղված խնդրագրերը։ Դրանք բավական ազդեցիկ ու հուզիչ են, քանի որ Թումանյանից շատերը խնդրում էին առաջին անհրաժեշտության իրեր` հագուստ, կոշիկ, անկողին, սպասք, ինչպես նաև գիշերելու տեղ։ 

Այդ օրերին Թումանյանին էին ուղարկում նաև որբերի թաղման համար անհրաժեշտ ծախսերը, քանի որ նա նաև այդ գործն էր իր վրա վերցրել։

Գրողն այդ տարիներին ոչ միայն տասնյակ հազարավոր գաղթականների, որբերի խնամքով է զբաղվել, այլ նաև նրանց հետագա ուղու մասին մտածել։ Որպես Հայ գրողների կովկասյան ընկերության հիմնադիր–նախագահ` նա հանդես է եկել առաջարկով, որ ընկերությունը որդեգրման պրոցես սկսի։ Նրա շնորհիվ շատերն են ընտանիքում հայտնվել։

Բացի այդ, 1915 թվականի գարնանը Թումանյանը ձեռնամուխ է լինում նաև մանկապատանեկան հայրենագիտական խաղեր ստեղծելուն: Այդ մասին բանաստեղծն իր նամակներից մեկում գրում է. «…Էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կան` թղթախաղի կամ զանազան ուրիշ առաքինությունների, ես էլ էս բաներով եմ զբաղվում պարապ ժամանակս: Թե օգուտ չտան, վնաս իսկի հո չեն տալ»: Թումանյանն այդպիսով 10 սեղանի խաղ էր ստեղծել։