«Ֆրունզիկին ասացի՝ տեսնո՞ւմ ես, ինչպես են քեզ սիրում, ասեց՝ ինչ ասեմ, ճաշակով ժողովուրդ են». ԼԵԳԵՆԴԱՐ դերասանի եղբայրը պատմում է նրա մասին

– Ֆրունզիկին ասացի՝ տեսնո՞ւմ ես, ինչպես են քեզ սիրում:
Ասաց՝ ինչ ասեմ, ճաշակավոր ժողովուրդ են:

Գիտեք ինչ, մարդը, որքան էլ որ նրա կյանքը հաջողակ լինի, միշտ դժգոհ է: Մարդուն միշտ թվում է, որ այնուամենայնիվ իր կյանքը չի հաջողվել: Լավ, հաջողակ բժիշկը կուզենար լինել հաջողակ օդաչու, հաջողակ օդաչուն կուզենար լինել մի այլ բան, և այսպես անվերջ: Ուրիշ խոսքով, մարդը կուզենար բազմաթիվ կյանքեր ապրել, կուզենար իրեն զգալ ամենատարբեր վիճակներում: Եվ, թերևս, բոլոր մահկանացուներից ավելի դա հաջողվում է միայն դերասաններին: Դոստոևսկու հերոսներից մեկն ասում է. «Широк человек, я бы его сузил»: 

Միայն դերասաններն են, որ կարողանում են լայն ապրել, նրանց բախտ է վիճակվել մահկանացուի իրենց մի կյանքի ընթացքում ապրել ամենատարբեր կյանքեր ու ճակատագրեր: Նրանք ապրում են տասնյակ ու տասնյակ կյանքեր, և այդ բոլոր կյանքերի մեջ նրանք նաև իրենց կյանքն են ապրում: Այս տեսակետից նրանք իսկապես երջանիկ մարդիկ են:

Մհեր Մկրտչյանը իր տաղանդի սահմաններով իսկապես որ լայն մարդ է, широк человек,  ինձ համար նա իսկական դրամատիկ դերասան է, թեպետև, չգիտես ինչու, նրան համարում են կատակերգակ:

Գոգոլի հերոսներից մեկն ասում է, թե մենք մեր քթերը չենք տեսնում, որովհետև մեր քթերը գտնվում են լուսնի վրա… Միակ մարդը, որ իր քիթը տեսնում է, Մհեր Մկրտչյանն է: Բայց քիչ առաջ մեկը ասաց, որ դա սխալ է, որ Մհերի մեջ ամենաաչքի ընկնողը նրա աչքերն են: Եվ նույնիսկ ուսանողական սեղաններից մեկի վրա մի տխուր կամ սիրահարված ուսանող գրել էր (դա նույնիսկ թերթում տպվեց), թե մարդ կամ պիտի ունենա այնպիսի աչքեր, ինչպիսիք Մհեր Մկրտչյանինն են, կամ առհասարակ չունենա:

Մհերը ոչ թե խոսում է բեմի վրա, այլ տառապում է, տառապում է իր հերոսների կյանքով: Բայց դա նաև իր կյանքն է: Մհեր Մկրտչյանը ՍՍՀՄ ժողովրդական դերասան է (սա, իհարկե, բարձր ու մեծ կոչում է), ՍՍՀՄ ժողովրդականների թվով մենք ամենևին էլ խեղճ չենք, բեմն է խեղճ… Բեմում է, որ չկան հանճարեղ մարդիկ, թե չէ կոչումներով կան, շատ կան… Մհեր Մկրտչյանի պարագան այլ է, նա ոչ միայն իր կոչմանը հավասար, այլև իր կոչումից ու կոչումներից բարձր արվեստագետ է…

Աղբյուրը՝ kinoashkharh.am