Փափազյանի ու Խաչանյանի մեծ բարեկամության սկիզբը․ ինչպե՞ս էին նրանք միասին մաքրում նկուղը մկներից

Համբարձում Խաչանյանը մեծ արտիստ էր. նա 1917 թ. գերազանց ավարտել էր Սիմֆերոպոլի կինոդերասանական ստուդիան, 1919-ին՝ Սիմֆերոպոլի Նիկիտինի մասնավոր կինոստուդիան, խաղացել աշակերտական ներկայացումներում։ Հայրը՝ սափրիչ Միսակը, նաեւ թատերական կեղծամներ էր սարքում եւ հաճախ լինում թատրոնում, ուր եւ տանում էր որդուն, այնպես որ թատրոնն ու կինոն արդեն հայտնի էին Խաչանյանին, երբ 1922 թ. Բաթումում խաղալիս նրան նկատում է Փափազյանի աչքը։

Բաթումի, Սուխումի, Կրասնոդարի, Սիմֆերոպոլի եւ մերձակա քաղաքների հանդիսատեսն արդեն ծանոթ էր դերասանի խաղին, ով հանդես էր գալիս թե՛ ռուսական, թե՛ հայկական թատերախմբերի հետ։ Ինչպես շատ տաղանդավոր դերասանների, Խաչանյանին էլ է Փափազյանը բերում Երեւան։ Կայարանում նրանց ոչ ոք չի դիմավորում։

Տանջող լռության ու անհայտության մեջ ստիպված էին սպասել մինչեւ մթնելը ու դերասանական խմբին կտանեին թատրոն։ Այնտեղ բոլորին տեղավորեցին մի սենյակում։ Փափազյանը նախընտրեց հատկացված սենյակը թողնել ընկերներին, իսկ ինքն զբաղեցրեց բեմհետեւի մի փոքրիկ սենյակ, որ թատերական իրերի պահարան էր, որտեղ, պարզվեց, ամեն կողմից ազատորեն ելումուտ էին անում մկները։

Փափազյանի հետ էր եւ Համբարձում Խաչանյանը, ում ջանքերով կարգի բերվեց նկուղը. ստիպված էին հաշտվել «ժամանակավոր» կոչված իրողության հետ, քանզի քաղաքում բնակարանի հարցը լուրջ էր։ Այսպես սկսվեց երկու մեծերի բարեկամությունը, եւ Փափազյանը Խաչանյանին օգնեց ստացած կրթության միջից վեր հանել անհատականությունը։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։