Հայաստանի մայրաքաղաքն իր տեսքով, ի թիվս մյուսների, պարտական է նաև այս ՀԱՅԻՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, թե ինչպես նա կառուցեց ԵՐԵՎԱՆԸ և զբաղվեց ՏԱԹԵՎՈՎ

Ուղևորություններից մեկից նա չվերադարձավ. դա պատահեց 1977թ.–ի հոկտեմբերի 9–ին։ Աղաբաբյանն ընդամենը 67 տարեկան էր։

Հայաստանի մայրաքաղաքն իր տեսքով, ի թիվս մյուսների, պարտական է նաև Գրիգոր Աղաբաբյանին։ Դպրոցներ, գործարաններ, բնակելի շենքեր, կամուրջներ և շուկաներ. այդ ամենը նա է կառուցել, և այդ շինություններից յուրաքանչյուրը մինչև հիմա յուրահատուկ է։

Դեռ վաղեմի ժամանակներում Սյունյաց աշխարհ էին եկել հողագործները և շինարարները։ Նրանք ժամանակ չունեին բնությամբ հիանալու, ուստի սովորականի նման են վերաբերվել այդ հողին։ Նրանք նայել են շուրջբոլորը, սկսել վանքեր ու եկեղեցիներ կառուցել և, հոգոց հանելով, անցել լեռները նվաճելուն։

10–րդ դարի սկզբում այստեղ հայտնվել է Տաթևի վանքը, որին բարդ ու փառավոր պատմություն էր բաժին ընկել, իսկ 11 հարյուրամյակ անց այն հիմնանորոգվեց պետության և խոշոր գործարար, մեկենաս Ռուբեն Վարդանյանի համատեղ ջանքերով։

Ոչ մի կերպ չնսեմացնելով Վարդանյանի վաստակը (մեծ հաշվով, դա հնարավոր էլ չէ), նշենք, որ վերակառուցման գաղափարը մի քանի տասնամյակ առաջ էր ծագել։

Գրիգոր Աղաբաբյանը, որն արդեն հասցրել էր կառուցել Երևանի կեսը, չափագրել եկեղեցիները և վանական համալիրները, մշակել դրանց վերակառուցման ու վերանորոգման նախագծերը, ակտիվ աշխատանքներ է տարել Տաթևում 1970–ականների կեսին։ Ճարտարապետը չէր կարող նստած մնալ մայրաքաղաքում. նա անընդհատ ուզում էր հետևել աշխատանքներին, խորհուրդ տալ, շտկել ու մշտապես մեկնում էր Տաթև։

Նա ծնվել է Ալեքսանդրապոլում, սովորել Թիֆլիսում։ Հավանաբար հենց այդ քաղաքների յուրահատկությունը և վառ ինքնատիպությունն էլ Աղաբաբյանի մեջ զարգացրել են որակյալ ճարտարապետության նկատմամբ հակումը, գլուխգործոցներ ստեղծելու կարողությունը։

Աղաբաբյանը ճարտարապետության ոլորտում զբաղվել է բառացիորեն ամեն ինչով։ Բազմաթիվ բնակելի շենքեր, որոնցից յուրաքանչյուրն ինքնատիպ է, դպրոցներ, արդյունաբերական և վարչական շենքեր։ Նա ստեղծագործաբար է մոտեցել ցանկացած, նույնիսկ ամենասովորական խնդրի` Երևանի կառուցապատման հայեցակարգի և ոգու հետ լիակատար ներդաշնակությամբ` սկսած 1930թթ–ի վերջից։

Երեք շուկա, որոնցից յուրաքանչյուրն արվեստի գործ է. կենտրոնականը` Մաշտոցի պողոտայում, Կոմիտասում և «Հայրենիք» կիոնաթատրոնից ոչ հեռու (ի դեպ, կինոթատրոնի հետ միասին)։ Հրազդանի կամուրջը, որ ձգվում է դեպի Կիևյան փողոց, սառցակոմբինատը` հետագայում այլանդակված, ինչպես և շուկաները… Ամեն ինչ չես թվարկի։