Ռասիզմի ու խտրականության դեմ պայքարող ՀԱՅ․ նրա շնորհիվ բոլորը պաշտպանված են Արգենտինայում

Արգենտինայի խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտի ղեկավարը հայազգի Պեդրո Մուրադյանն է։ Նա կարեւոր դեր է խաղացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող արգենտինական օրենքի ընդունման հարցում:

Մուրադյանը ծնվել է Բուենոս Այրեսի համայնքներից մեկում: Նրա երկու կողմի տատիկ-պապիկերն էլ, փրկվելով 1915 թ. ցեղասպանությունից, եկել էին Արգենտինա՝ խաղաղություն եւ բարեկեցություն գտնելու: Երիտասարդ տարիներից հետաքրքրվել է արդարության համար պայքարով, որում ներգրավված է մինչ օրս:

«Ցեղասպանությունը վճռորոշ դեր է խաղացել մարդու իրավունքներով իմ հետաքրքրվածության հարցում: Սկսում ես գիտակցել, թե ինչի է ունակ մարդ արարածը, եւ երբ դա տեսնում ես անմիջական զոհի աչքերով, ինչպիսին էին իմ տատիկ-պապիկները, դա ավելի ցնցող է»,- նշում է Պեդրո Մուրադյանը:

Պեդրոյի մայրական տատն ու պապը` Լեւոն Հեքիմյանը եւ Հռիփսիմե Դոնբուրյանը, Խարբերդից եւ Ադանայից էին: Ջարդերի ժամանակ նրանց հաջողվել էր փախչել Լիբանան, հետո Ուրուգվայ, որտեղ ապրել էին մի քանի տարի՝ վերջնականապես Արգենտինա տեղափոխվելուց առաջ: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։