Այս ՀԱՅ նկարչի աշխատանքները, ինչպես նաև Ինդիրա Գանդիի դիմանկարը, տեղ են գտել ԽՍՀՄ նախկին պետությունների առաջատար թանգարաններում

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչների շարքում իր հատուկ տեղն ունի Դմիտրի Նալբանդյանը։ Նա մարդ էր, ով կարողանում էր լեզու գտնել բոլորի հետ։ Իր տեղանդի ու խելքի համադրումն էլ նրան մեծ բարձունքների հասցրին։ Ի թիվս այլոց, Նալբանդյանը վրձնել է Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Բաղրամյանի, Արամ Խաչատուրյանի, Արտեմ Միկոյանի, նկարիչ Շլդյանի, ասմունքող Սուրեն Քոչարյանի դիմանկարները։

Նկարչի ներկապնակում առանձնահատուկ են նաեւ նրա նատյուրմորտներն ու բնանկարները, որ ամենեւին չեն զիջում դիմանկարներին։ Ռուս գեղանկարիչ Ա. Ն. Պարամոնովը Նալբանդյանի մասին գրում է. «…Եթե սահմանափակվենք Նալբանդյանին բնորոշելով սոսկ իբրեւ նկարիչ-հրապարակախոսի, մենք չենք տա իրական պատկերացումը վարպետ նկարչի մասին։ Բարդ է նրա արվեստը: Գեղանկարչի ստեղծագործություններում շատ է բանաստեղծականը, քնարականը»։

Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ստալինյան մրցանակի դափնեկիր, Ջավահառլալ Ներուի անվան մրցանակակիր, փայլուն դիմանկարների եւ իմպրեսիոնիզմի վարպետ Դմիտրի Նալբանդյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1906 թ. սեպտեմբերի 15-ին, սովորել Վրաստանի նկարիչների ակադեմիայում, հետո Մոսկվայում, Լենինգրադում, աշխատել Վրաստանի Պետկինոյում, Օդեսայի կինոստուդիայում՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։

Վերջին հանգրվանն էլ լինում է Մոսկվան. վախճանվում է 1993 թ. հուլիսի 2-ին՝ սրտի սուր անբավարարությունից։ Նկարչի մահվանից հետո նրա արվեստանոցը դարձավ Դմիտրի Նալբանդյանի պետական թանգարան։ Նրա աշխատանքները, ինչպես եւ Ինդիրա Գանդիի դիմանկարը, տեղ են գտել ԽՍՀՄ նախկին պետությունների առաջատար՝ այդ թվում եւ Հայաստանի, թանգարաններում։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։