Թումանյանն ու ապահովագրությունը․ միայն իմանաք՝ ինչպես է ՄԵԾՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՆ իր գործերում «թաքցրել» ռիսկերը

Մասնագետներն ասում են՝ Հովհաննես Թումանյանի որոշ գործերի տողատակերում ապահովագրության հրահանգներ կան:

Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները ապահովագրության տարբեր տեսակների ուղեցույցներ կարող են լինել։ Մասնագիտական սուր աչքով նայելիս՝ նրա գործերում կարելի է տեսնել մատնանշված տարբեր ռիսկեր, որոնք ապահովագրման ենթակա են։

Եթե մտածում եք՝ «այս ի՞նչ սյուրռեալիզմ է՝ Հովհաննես Թումանյանն ուր, ապահովագրությունն ուր», ապա կարիք կա ամենայն հայոց բանաստեղծի գործերը վերընթերցելու։ Դեռ 19-րդ դարում Թումանյանն իր ստեղծագործություններում ակնարկել է ապահովագրության անհրաժեշտության մասին՝ մատնանշելով տարբեր ռիսկեր։

«Թումանյանը խոսում է այնպիսի ռիսկերի մասին, որոնք մասնագիտական տեսանկյունից ապահովագրման ենթակա են: Ռիսկի մասին խոսվում է, բայց դրա արդյունքը չենք ունենում՝ լավ բա ինչ անել այդ ռիսկի հետ»,- ասում է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը։

Նա նշում է, որ Թումանյանի ստեղծագործությունների «ապահովագրական վերլուծությունը» սկսվում է «Հառաչանք» պոեմից։

Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր սև հաց,

Էն էլ հըրեն հա՜— երկընքից կախված…

Ընդամենը երկու տողում ամենայն հայոց բանաստեղծը խտացրել է գյուղացու առօրյան, խնդիրներն ու վախերը։ Ըստ էության, բանաստեղծն այստեղ գյուղատնտեսության ապահովագրության հարցն է բարձրացնում։ Մասնագետն ասում է՝ «Հառաչանքում» խոսվում է ոչ միայն կարկուտ, ցրտահարություն, երաշտ ռիսկերի, այլև գողության, վայրի կենդանիների կողմից վնաս պատճառելու, հողերի մասնատվածության և այլ խնդիրների մասին։

Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,

Աչքըդ թեքեցիր—բանիդ տերը չես․․․

«Թումանյանի ստեղծագործությունները, հատկապես հեքիաթներն ապահովագրության տարբեր տեսակների ուղեցույցներ կարող են լինել»,- պնդում է Մարտիրոսյանն ու մեկը մյուսի հետևից օրինակներ բերում, երբ թումանյանական հերոսները ծագած ինչ-որ խնդրի պատճառով իրարից բաժանվում են ու հետագայում թշնամիներ դառնում, բայց իրավիճակն այլ կլիներ, եթե կարգավորում՝ ապահովագրություն լիներ։

Օրինակ՝ «Շունն ու կատուն»․ այստեղ մասնագիտական պատասխանատվության ապահովագրության խնդիր կա՝ դերձակն իր գործը լավ չի արել։ Հենց նրա սխալի պատճառով է, որ շունն ու կատուն մինչև այսօր գժտված են, այսինքն՝ չկարգավորված վեճ, խնդիր կա։ Իրականում, մեր կյանքում բազմաթիվ օրինակների ենք ականատես լինում, երբ մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը կարող է բազմաթիվ խնդիրներից հեռու պահել, օրինակ՝ բժշկական կամ փաստաբանական սխալի դեպքում և այլն։

Կամ հայտնի «Կիկոսի մահը» դժբախտ պատահարներից ապահովագրության դասական օրինակ է, «Ձախորդ Փանոսն» էլ կարելի է որպես արտերկիր մեկնողների աջակցության, այսինքն՝ զբոսաշրջային ապահովագրության նախատիպ-հուշում ընկալել, երբ Փանոսը ջրից դուրս է գալիս, տենսում՝ շորերը չկան։ Այս դեպքում արտասահմանում, երբ չնախատեսված դեպք է պատահում, օրինակ, առողջության անսպասելի վատթարացում, դժբախտ պատահար և այլն, ապահովադիրը զանգահարում է իր պայմանագրում նշված հեռախոսահամարով, և խնդիրը կարգավորվում է։ 

Մարտիրոսյանի խոսքով՝ իրեն հաճախ կատակով հարցնում են՝ «Բա որ էդպես է, «Անխելք մարդը» ապահովագրության որ տեսակի մասին է»։ Փորձագետն էլ կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է, որ անխելք մարդն ապահովագրություն չունեցող մարդն է։ Նրա կարծիքով՝ թումանյանական այս գաղտնագրերը կարելի է կիրառել կրթական նոր մոդել ստեղծելու և ձևավորելու համար։

«Օրինակ, եթե մենք ակադեմիական լեզվով փորձենք բացատրել գյուղապահովագրությունը, այնքան պետք է խորանանք, մանրամասնենք, որ արդեն ձանձրալի կդառնա, իսկ Թումանյանն ընդամենը երկու տողում է ամբողջ գաղափարը խտացրել»,- ասում է փորձագետն ու ավելացնում, որ սա չի նշանակում ապահովագրության տեսությունը չներկայացնել ուսանողներին․ ամեն ինչ իր տեղն ունի։

Հովհաննես Թումանյանի օրինակներն օգնում են շատ արագ՝ մատչելի ու պատկերավոր հասկանալ այն խնդիրը, ռիսկը, որն ապահովագրելու կարիք կա։

Թեպետ Մարտիրոսյանը բավականին ուսումնասիրել է Թումանյանի հեքիաթները, պոեմները մասնագիտական տեսանկյունից, բայց վստահ է, որ անելիքները դեռ շատ են։ Նա նույնիսկ մտածում է այս թեման արտերկրում էլ ներկայացնել՝ հաշվի առնելով, որ Թումանյանը տարբեր լեզուներով է թարգմանվել և մասամբ ծանոթ է օտարալեզու ընթերցողին։ Այսպիսով՝ սա կդառնա նորարական մոտեցում ապահովագրության մասին խոսելու համար, բացի այդ նաև հնարավորություն կտա զուգահեռ ևս մեկ անգամ Հայաստանը, հայ ժողովրդին ու նրա մեծերին միջազգային հանրությանը ներկայացնելու համար։

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա