«Սեզոնի մեխը «Դոն Ժուանը» եղավ, իսկ «Դոն Ժուանի» մեխը ինքը՝ Խաչանյանը»․ կերպարանափոխվելու մեծ վարպետը

Հայ մեծանուն դերասաններից է Համբարձում Խաչանյանը։ Ինչպես Փափազյանն է վկայում իր հուշերում. «Սեզոնի մեխը «Դոն Ժուանը» եղավ, իսկ «Դոն Ժուանի» մեխը ինքը՝ Խաչանյանը», մինչդեռ Դոն Ժուանին Փափազյանն էր մարմնավորում, իսկ Խաչանյանը Սգանարելի դերում էր, խաղ, որն անմոռաց մնաց հանդիսատեսի ու խաղընկերոջ՝ մեծն Փափազյանի սրտում։

Այդ մասին վաղամեռիկ ընկերոջ հիշատակի առթիվ նա գրում է. «Իմ սիրելի՜, համեստ ու բարի ընկեր, անկրկնելի Սգանարե՜լդ թախծոտ ու վշտացած Դոն Ժուանիս, քանի՜ գիշերներ պետք է նստեմ դեռ մենակ, երանգապնակիս առաջ ու դիմահարդարվեմ… Խելոք չեղա, ինչպես դո՛ւ, եւ չէի էլ կարող լինել, համբերող չեղա, ինչպես դու էիր, եւ չէի էլ կարող լինել, բայց հույս ունեմ մեկնել, ինչպես դու մեկնեցիր… որովհետեւ հոգնել եմ, ի՜մ թանկագին, հոգնե՜լ…»:

Խաչանյանը կերպափոխվելու մեծ վարպետ է, անգամ նրա հայն ու ռուսն են տարբերվում ազգային դիմագծերով։ Պահի տակ նա ստեղծում է կերպարի այնպիսի նրբագծեր, որ երկար ժամանակ տպավորվում է հանդիսատեսի մտապատկերում։

Խաչանյանն այնպիսի տաղանդով կերտեց Քաջ Նազարին, որ նրա յուրաքանչյուր արտահայտություն ու խոսք դարձան թեւավոր ու շրջեցին բերնեբերան։ Խաչանյանը խաղաց թե՛ համր, թե՛ հնչյունային ֆիլմերում, խաղաց հավասար տաղանդով։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։