Երգչուհի՝ «Գյումրվա վարպետ» շքանշանակիր, քաղցրաձայն ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ. Հիշո՞ւմ եք ՆՐԱՆ. Եկե՛ք վայելենք նրա կատարումներից մեկը.

Երգչուհի ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ Հրածին Սահակյան ծնվել է 1963թ. փետրվարի 8-ին, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Հովիտ գյուղում: 1981թ. ավարտել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, զուգահեռ ավարտել նաև երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Բեմական առաջին քայլերն սկսել է Գյումրիի Լ.Մադոյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես երգչուհի: 1981-84թթ սովորել է Գյումրիի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում, 1989-94թթ` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնում` Հովհաննես Բադալյանի դասարանում: 2006թ. ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան` ժողովրդական երգեցողություն մասնագիտությամբ:

1995-96թթ աշխատել է ՀՀ ազգային ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես երգչուհի: 1996-98թթ եղել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մենակատար: 1996թ. կոմպոզիտոր Գևորգ Մանասյանի հետ ստեղծել է «Վարպետներ» համույթը, որի շրջանակներում ժողովրդական և դասական գործիքների համադրությամբ և համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ բեմերում: 2000թ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես է եկել «Երգն է կյանքիս ուղեկիցը» մենահամերգով:

2002-05թթ հյուրախաղերով շրջագայել է Սփյուռքում: 2006թ. «Երգիս թևերով» համերգային ծրագիրը նվիրել է Գյումրի քաղաքի վերածննդին: 2010թ. մենահամերգներով հանդես է եկել Ջավախքում, Գյումրիում և Վանաձորում: Կատարել է ՀՀ սփյուռքի նախարարության հիմներգը: Թողարկել է «Այս մեկն էլ ներիր» և «Սիրված երգերի շարք» ձայնասկավառակները: Արժանացել է մի շարք պետական պատվոգրերի և դիպլոմների, ինչպես նաև «Գյումրվա վարպետ» ոսկե կրծքանշանի: 2017թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: