Գիտե՞ք՝ որ ՀԱՅ երգիչն է իր կատարումը նվիրում «Արարատ-73»-ին. պարզենք միասին

Հայկական ֆուտբոլում «Արարատ-73»-ի տոնած հաղթանակները տարիների ընթացքում ամենեւին էլ չեն խամրում:

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանի թիմն առաջին անգամ դարձել էր ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր: Այսպիսի արդյունք հայկական ֆուտբոլը չէր ունեցել: Այդ տարի «Արարատի» մասին խոսում էր ողջ ԽՍՀՄ-ը: Թիմը ստացել էր նաեւ մի շարք մրցանակներ՝ Գրիգորի Ֆեդոտովի անվան, «Ագրեսիվ հյուր», «Մրցանակ խոշոր հաշվի համար», խփած ու բաց թողած գոլերի լավագույն տարբերության համար:

Ողջ Հայաստանին տոն պարգեւած ֆուտբոլիստների մեծարման երեկոն կայացել է 1973-ի նոյեմբերի 12-ին: Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում ելույթ են ունեցել տարբեր հայտնի արվեստագետներ ու արտիստներ: Միջոցառումը վարել է Հրաչյա Ղափլանյանը: Լուսանկարում արարատցիների համար երգում է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը: