Երգչուհի, գեղանկարչուհի ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ Թուրքմենստանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների միջմշակութային սիմպոզիումին ներկայացրել է Հայաստանը․
Երգչուհի, գեղանկարչուհի ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ ծնվել է 1988թ. մարտի 3-ին, Երևանում։ Սովորել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական արվեստ բաժնում։ Ավարտել է Երևանի Է.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժինը։ Երգել սկսել է մանուկ հասակից՝ հիմնականում ժողովրդական և հոգևոր ժանրի երգեր։ 2008թ-ից «Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթ»-ի մեներգչուհի է։ Երգչախմբի հետ շրջագայել է Հայաստանի տարբեր մարզերում, արտերկրում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա։ 2-3 տարի իր աշխատանքներով մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ընթացող հանրապետական ցուցահանդեսներին։

2014թ. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Հայ ավանդական երաժշտության անսամբլի» համերգ-շնորհանդեսը, որտեղ հանդես է եկել որպես մեներգչուհի։ Նույն թվականին «Գաֆեսճյան» կենտրոնի համերգասրահում Հայ ավանդական երաժշտության անսամբլի կազմում մասնակցել է հոգևոր, ժողովրդական, աշուղական, կոմիտասյան և համշենական ստեղծագործությունների համերգին և «Հայ ավանդական երաժշտության անսամբլի» կազմում մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված միջոցառումներին ու ստացել «Գյումրիի երիտասարդ վարպետ կատարող» կոչում։

2014թ. Եվա Ստեփանյանի հետ «Նարեկացի արվեստի միությունում» ներկայացրել է «Երկու քույր ենք» համերգ-ցուցահանդեսը, և շրջագայություններ է ունեցել Հնդկաստանում։ «Նարեկացի» համույթի կազմում լույս է տեսել նրա երկու ձայնասկավառակները՝ «Նարեկացի Համույթ։ Առաջին ձայնասկավառակ» (2009թ.) և «Վերածնունդ» (2012թ.)։ 2010թ. «Նարեկացի Համույթ։ Առաջին ձայնասկավառակ»-ը «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ ճանաչվել է այդ թվականի «Ազգային լավագույն ձայնասկավառակ»։ 2016թ. Թուրքմենստանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների միջմշակութային սիմպոզիումին ներկայացրել է Հայաստանը։