Այս ՀԱՅԸ լավագույն ամերիկանիստն էր. գիտե՞ք՝ ով է ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ

Լուսանկարում Էդուարդ Ալեքսանդրի Իվանյանն է, որի կյանքն ու գործունեությունը քչերին է հայտնի Հայաստանում, նույնիսկ գիտական ու մասնագիտական շրջանակներում: Իր մասնագիտական գործունեությունը Էդուարդ Իվանյանը սկսել է որպես դիվանագետ` երկար տարիներ աշխատելով ՄԱԿ-ի քարտուղարությունում (Նյու Յորք, Ժնև): Այդ տարիներին նա զգալի ավանդ է ունեցել Կարիբյան ճգնաժամի հաղթահարման և ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև մշակութային կապերի զարգացման գործում:

70-ականների սկզբից Էդուարդ Իվանյանն անցել է գիտական աշխատանքի` հանդիսանալով ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի (Մոսկվա) առաջատար մասնագետներից մեկը, իսկ ավելի ուշ` «ԱՄՆ և Կանադա. տնտեսություն, քաղաքականություն և մշակույթ» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը:

Հանդեսի աշխատակիցներն ու հեղինակները բազմիցս հայտնել են այն տեսակետը, որ Իվանյանի խմբագրման տարիներին հանդեսն աչքի էր ընկնում գիտական նոր որակով, հրապարակվող թեմաների լայն ընդգրկումով ու վերլուծական խորությամբ: Իվանյանի կողմից հեղինակվել և համահեղինակվել են շուրջ վեց տասնյակ մենագրություններ և հանրագիտարաններ, որոնք լույս են տեսել 11 լեզուներով և ավելի քան 3 միլիոն ընդհանուր տպաքանակով, և որոնք մինչ օրս համարվում են Ամերիկայի պատմության, ԱՄՆ պետական ու քաղաքական կառավարման հարցերը լուսաբանող անգերազանցելի պատմա-քաղաքական աշխատություններ:

Դրանք են` «Սպիտակ տուն. նախագահներ և քաղաքականություն» (1979), «Մադլեն Օլբրայթ. քաղաքական դիմանկար» (2000), «ԱՄՆ-ը դարերի սահմանագծում» (2000), «Ռուս-ամերիկյան հարաբերությունների հանրագիտարան» (2001), «ԱՄՆ պատմությունը» (2005), և այլն: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Իվանյանը հանդիսանում էր Միացյալ Նահանգների պատմության լավագույն գիտակը, և ինչպես նշում էին նրա կոլեգաները. «Նա լավագույն ամերիկանիստն է թե՛ իր սերնդակիցների, և թե՛ ներկայիս երիտասարդ մասնագետների շրջանում»: Էդուարդ Իվանյանն իր բազմամյա դիվանագիտական ու գիտական փորձը մեծ պատրաստակամությամբ հաղորդում էր իր ուսանողներին:

Էդուարդ Իվանյանը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1990), հանդիսացել է Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1996), նրան է շնորհվել նաև Ռուսաստանի գիտության վաստակավոր գործչի կոչումը:
Էդուարդ Իվանյանին բնորոշ էր իսկական մտավորականին ու գիտնականին հատուկ համեստությունը, հավասարակշռվածությունը, համակարգային մտածողությունն ու ընդհանրացնող եզրահանգումների բացառիկ ունակությունը: Նրա հետ կայացած ցանկացած զրույցից ու քննարկումից հետո միշտ առաջանում էր հոգեկան ու գաղափարական հարստացման զգացողություն, ձեռք էիր բերում նոր լիցք ու մտահղացումներ:

Հիշում եմ, թե ինչպես նա, չնայած իր պատկառելի տարիքին` մշտապես գրքերով, ամսագրերով լի իր գրասենյակում մեծագույն էնտուզիազմով աշխատում էր մինչև ուշ գիշեր: Հիշում եմ նաև մեր հերթական հանդիպումներից մեկը, 2008թ. ամռանն էր, երբ Էդուարդ Ալեքսանդրովիչն ասաց իր մոտ հայտնաբերված ծանր հիվանդության մասին. «բայց դա կարևոր չէ, վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար, հիմա կարևորը աշխատանքն է, դեռ շատ անելիքներ կան»: Որից հետո մենք կրկին անցանք գիտական ու քաղաքական փաստերով ու նրբություններով լի զրույցին. Միացյալ Նահանգներում գալիք նախագահական ընտրությունների, դրանց հավանական արդյունքի, թուրք-ամերիկյան հարաբերությունների, Սևծովյան տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության հնարավորությունների և շատ այլ հետաքրքիր հարցերի մասին:

Իմ գիտակցության մեջ սեպի պես մխրճվեց Իվանյանի այն պնդումը, թե «Միացյալ Նահանգների ու Թուրքիայի հարաբերությունները երբեք չեն վատանա այն աստիճանի, որից հնարավոր չի լինի վերադարձըգ Հիմա և ապագայում էլ Թուրքիայի ճակատագիրն ամբողջովին պայմանավորված կլինի միայն Միացյալ Նահանգների կամքով»:
Համոզված եմ, որ Էդուարդ Իվանյանի, այդ եզակի մտավորականի ու գիտնականի կերպարը դեռ երկար տարիներ օրինակելի կլինի երիտասարդ սերնդի համար:

ԼԵՎՈՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ
«Սևծով-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ» (Երևան), «Հայի միտք» համահայկական մասնագիտական հեռուստաակումբ հ/կ