«էս վեր սրանց ախչիկը իրան հուսովը էսքան մեծ քար քցեց, բա տղամարթը իրան բլակներովը ինչքան մեծ քար կը քցի». «Աղջիկ քար»-ի մասին լեգենդը պետք իմանա յուրաքնչյուր ՀԱՅ

Տավուշը հայոց աշխարհի այն յուրահատուկ մարզերից է, որտեղ ստեղծվել և մեզ են հասել մի շարք բացառիկ լեգենդներ։ Շնորհիվ մի շարք բանահավաքների՝ այդ լեգենդները հասել են մեզ, հավիտենական կնիք ստացել գրքերում և մինչ օրս շարունակում են պահպանել իրենց յուրահատկությունը։ Լեգենդար զրույցը պահպանվել և մեզ է հասել բանագետ Արամ Ղանալանյանի շնորհիվ։

Արամ Ղանալանյան

Տավուշի հաջորդ զարդերից մեկը գտնվում է Այգեձոր և Չինարի գյուղերի գրեթե մեջտեղում։ Այն կոչվում է «Աղջիկ քար»։ Քարի մասին զանազան զրույցներ մինչ օրս էլ պտտվում են։ Տարիների ընթացքում այդ զրույցները կերպարանափոխվում են, ստանում նոր շունչ ու երանգ։ Արամ Ղանալանյանի վերոնշյալ գրքում ներկայացված է քարի մասին լեգենդը, որտեղ դարձյալ խոսվում է Աշոտ Երկաթի մասին․

«Վեր (որ) Աշոտ Երկաթը թշնամու հետ կռիվ անելիս նեղն ա ընգնմ, սաղ (ամբողջ) ժողովութրին հետ հվաքվըմ ա պերթը։ Մի ախչիկ տենըմ ա, վեր տեղերնուն շատ նեղ ա, ինքն էլ մեծ հուսեր ա ունենըմ, էն քարը տնըմ ա հուսերի ղաթըմը (մեջը), պտըտըմ ու պերթի կլխիցը քցըմ տհանց վրա։ Թշնամիները, վեր տակիցը տենըմ են, փախչըմ են․ ասըմ են՝ էս վեր սրանց ախչիկը իրան հուսովը էսքան մեծ քար քցեց, բա տղամարթը իրան բլակներովը (բազուկ) ինչքան մեծ քար կը քցի, բըրախըմ են (թողնում), փախչըմ։ Հա տրա հմար (համար) էլ էն օրից ըսօր էտ քարի անըմը մնացել է Ըխչկա քար»։