«Ա՛յ Մուրղուզի խաչ, եթե դու զորություն ունես, մի ջուր բաց արա, քեզ համար սև ու սպիտակ ղոչեր մատաղ կանեմ». թե ինչ եղավ Մուրղուզ լեռնագագաթում ոչխարներին արածեցնող հովիվի հետ քչերին է հայտնի

Տավուշցիների համար բացարձակ արժեք ու խորհրդանիշ է Միափոր կամ Մուրղուզ լեռնագագաթը, որը Միափորի լեռների ամենաբարձր գագաթն է։ Խորհրդային տարիներին լեռան լանջերին մեծ թվով անասնապահական կենտրոններ ու ֆերմաներ են եղել, սակայն հիմա այդ երբեմնի ակտիվ կենտրոնից գրեթե ոչինչ չի մնացել։ Տավուշյան լեգենդներից ամենահետաքրքիրը կապված է հենց լեռան հետ։

«Հովիվն այս լեռան վրա ոչխարներ արածեցնելիս ծարավում է։ Տեսնելով, որ շրջապատում ջուր չկա, դիմելով Մուրղուզի խաչին, նա ասում է․ «Ա՛յ Մուրղուզի խաչ, եթե դու զորություն ունես, մի ջուր բաց արա, քեզ համար սև ու սպիտակ ղոչեր մատաղ կանեմ»։ Իսկույն մի հորդ աղբյուր է բացվում։ Հովիվն ու ոչխարները խմելով ջրից հագեցնում են իրենց ծարավը։ Շատ չանցած հովիվը շորերից երկու ոջիլ է հանում, կոտրում և ասում․ Ա՛յ խաչ, էս էլ քո մատաղը։ Նույն վայրկյանին հովիվը ոչխարների հետ քար է դառնում»։ (Նույն տեղում)։

Պետք է ընդգծել, որ բանահյուսական պատմություններով հարուստ մարզն ընդամենը մի քանի օրում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Դա միայն ողջունելի է։ Սակայն ցավալի է, որ սահմանային հանդարտության դեպքում նորից անտեսվելու է մարզը՝ իր խնդիրներով հանդերձ։ Իսկ պատմամշակութային կոթողները մնալու են բնության քմահաճույքին։ Լավ կլիներ, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը գործեր նաև խաղաղ իրավիճակներում, հակառակ դեպքում Շահան Շահնուրի կոպիտ, բայց ճշմարիտ խոսքը կշարունակի իր հավիտենական ընթացքը․ «Դուն, հայ լակոտ, դու ամենեն շուտը կփոխվիս անասունի, եթե օր մը իսկ մնաս առանց վիշտի»: