Ամուսնության հաջորդ օրն աշխարհը փուլ եկավ գլխիս, երբ լսեցի սկեսուրիս ու ամուսնուս թաքուն խոսակցությունը

Հիմա ինձ համար հեշտ է այս մասին խոսել, որովհետև արդեն մեկ տարի անցել է տեղի ունեցածից ու կարողացել եմ հարմարվել ու մարսել իմ հետ տեղի ունեցածը, սակայն սկզբնական շրջանում այնքան վատ ու կոտրված էի, որ մտածել եմ անգամ ծայրահեղ քայլերի գնալու մասին: Ցանկանում եմ, որ ոչ մի աղջիկ երբեք չզգա այն, ինչ զգացել եմ ես, երբ իմացել եմ, որ ինձ նենգաբար խաբել են:

Մեկ տարի առաջ ամուսնացա: Ամեն ինչ այնպես էր, ինչպես պլանավորել էինք. գեղեցիկ հարսանիք, զգեստ, հյուրեր: Անգամ ճամփորդության տոմսերն էին գնել, որ հարսանիքից երեք օր անց մեկնենք մեղրամսի, սակայն այդ մեղրամիսն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ մենք ամուսնացած մնացինք ընդհամենը մեկ օր: Այո, մեկ օր տևեց իմ ամուսնական կյանքն ու ես հայտնվեցի դժոխքում: Հարսանիքի առաջին օրը՝ արթնանալուց հետո, զբաղված էի սենյակս կարգի բերելով, երբ դուրս եկա սենյակից ու փոշու շորը թափ տալու համար գնացի պատուհանի մոտ, որտեղից երևում էր մեր այգին: Այնտեղ ամուսինս ու սկեսուրս թաքուն ինչ որ բան էին խոսում, սկզբում ուշադրություն չդարձրի, սակայն հետո անունս լսեցի, կանգնեցի ու սկսեցի լսել:

Շոկի մեջ էի: Սկեսուրս ամուսնուս հրահանգում էր, որ ոչ մի դեպքում ինձ չասի այն մասին, որ ինքն անպտուղ է ու չի կարող երեխա ունենալ: Ամուսինս էլ գլուխը կախ լսում էր: Հետո ասաց, թե մեկա մի օր իմանալու եմ, սկեսուրս էլ թե բա՝ չի իմանա, կասի արի գնանք բժիշկի, չես գնա, մենք էլ կասենք, թե իրանից ա, որ երեխա չեք ունենում, անունը կդնենք չբեր, բայց չես բաժանվի, մինչև մի բան կանենք:

Չէի հավատում, որ ես եմ լսում այդ ամենը ու դա իմ հետ է տեղի ունենում: Աչքերիս առաջ մթնեց, գիտակցությունս կորցրի: Երբ արթնացա, արդեն բազմոցին պառկած էի՝ սառը քրտինքի մեջ կորած: Խելքս գլուխս եկավ, գնացի սենյակ, հավաքեցի իրերս ու ամուսնուս ասացի՝ ես գնում եմ ոչ թե նրա համար, որ երեխա չես կարող ունենալ, այլ նրա համար, որ դուք ընտանիքով ինձ ստորաբար խաբել եք ու շարունակելու էիք խաբել ու օգտագործել, եթե չլսեի քո ու մորդ խոսակցությունը: Ես չեմ կարող ապրել մի ընտանիքում, որտեղ մարդկային արժեքներ գոյություն չունեն: